Էջմիածնում նախորդ տարի բազմաթիվ փողոցներ նորոգվեցին: Շինարարական տեխնիկան մտավ նույնիսկ այնպիսի բակեր ու նրբանցքներ, որոնք երբեք ասֆալտ չէին տեսել: Ավելի քան 45 կմ ասֆալտապատման աշխատանք կատարվեց միայն քաղաքային ծրագրի շրջանակում, իսկ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ սալիկապատվեցին Գրիգոր Լուսավորիչ և Տիգրան Մեծ փողոցների մայթերը:
Վաղարշապատ համայնքի ղեկավարը, ամփոփելով 2022-ի աշխատանքը, անդրադառնում է նաև ընթացիկ տարվա անելիքներին: Դիանա Գասպարյանի խոսքով՝ ամենասուրը աղբահանության խնդիրն է: Որքան էլ աղբատարները ծանրաբեռնված աշխատում են, որակ ապահովել չի հաջողվում՝ մեքենաները հնամաշ են, չեն դիմանում գերբեռնվածությանը, իսկ մեքենաների վերանորոգումը ժամանակավոր լուծում է:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Այս ոլորտի կարգավորման համար շատ անելիքներ ունենք: 2022-ը եղել է բնակարանային կոմունալ վարչության ոլորտում առկա խնդիրների համակարգային ուսումնասիրման և լուծման ուղիների մշակման տարի: Աղբահանության կազմակերպման առաջին խնդիրը աղբահավաք տեխնիկան է: Վարչության տեխնիկատրակտորային պարկը ներառում է 23 միավոր տրանսպորտային միջոց:
Հրատապ լուծում պահանջող մյուս խնդիրը կոյագծերն են. եթե որոշ թաղամասերում դրանք մաշված են, նորերում ընդհանրապես գոյություն չունեն:
Դիանա Գասպարյան - Պետություն-համայնք համագործակցությամբ կոյուղի ենք կառուցել Չարենց թաղամասի հյուսիսային մասում: Աշխատանքի ծավալը կազմել է ավելի քան 158 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ ավելի քան 95 մլն, իսկ համայնքինը՝ 63 մլն դրամ: Այսինքն՝ 60/40: Ծրագրի շահառու է հանդիսացել մոտ 1000 բնակիչ:
Գործակցելով Կառավարության, դոնոր կազմակերպությունների, նաև մասնավոր ներդրողների հետ՝ անցած տարի համայնքում հիմնանորոգվել են նաև մի շարք մանկապարտեզներ: Եվս երկուսում աշխատանքը շարունակվում է: Մինչև մայիս կվերաբացվի Ոսկեհատի պարտեզը. այն վերակառուցվում է սուբվենցիոն ծրագրով:
Դիանա Գասպարյան - Հաջորդը Ճապոնիայի դեսպանատան հետ ենք արել: Ավելի քան 90 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհով վերանորոգվել են մանկապարտեզի 2 մասնաշենք, սանհանգույցներ, խաղասենյակներ, բացվել է հավելյալ խումբ՝ 30 երեխայի համար:
Համայնքի ուշադրության կենտրոնում են նաև քաղաքի կանաչ գոտիները. այդ նպատակով ձեռք են բերել ծաղկասածիլներ ու տնկիներ:
Տևական դադարից հետո կվերագործարկվեն նաև Կոմիտասի հրապարակի, Զվարթնոց թաղամասի և Էջմիածին-Երևան մայրուղու սիզամարգերի ոռոգման համար նախատեսված խորքային հորերը:
Երեխաների համար էլ քաղաքի տարբեր թաղամասերում համապատասխան գույքով համալրված խաղահրապարակներ են կառուցվել, արդեն գործողների համար էլ ինտերակտիվ խաղագույք ձեռք բերել: Գեղարվեստի, երաժշտական ու սպորտ դպրոցները ևս դուրս չեն մնացել ուշադրությունից:
Հավակնոտ ծրագերը կշարունակվեն նաև այս տարի: