Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից ևս մեկին հրթիռային հարվածներ են հասցվել, զոհերի մասին տեղեկություններ չկան՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող։
Ի պատասխան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված թիրախներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Իրանի հետ հարաբերություններում լարվածության և հակամարտության ընդլայնման: «Մեր նպատակը «Իսլամական պետություն» խմբավորման վերջնական պարտությունն է: Բայց եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք համաչափ արձագանք կտանք»,- հավելել է Ռայդերը:
Նույն հայտարարությամբ է հանդես եկել նաև Ջո Բայդենը: ԱՄՆ նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պատասխանել Թեհրանի հետ կապված խմբավորումների հարձակումներին: