ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՎԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻՆ
Հրթիռային հարվածներ են հասցվել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ևս մեկ ամերիկյան ռազմաբազային, զոհերի մասին տեղեկություններ չկան՝ հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի բազայի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ամերիկացի պայմանագրային զինծառայող։ Ի պատասխան՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության տարածքում տեղակայված թիրախներին, որոնք, ըստ Վաշինգտոնի, կարող են կապված լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Իրանի հետ հարաբերություններում լարվածության և հակամարտության ընդլայնման:
«Մեր նպատակը «Իսլամական պետություն» խմբավորման վերջնական պարտությունն է: Բայց եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք համաչափ արձագանք կտանք»,- ավելացրել է Պատրիկ Ռայդերը:
Նույն հայտարարությամբ է հանդես եկել նաև Ջո Բայդենը: ԱՄՆ նախագահը զգուշացրել է՝ Վաշինգտոնը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պատասխանել Թեհրանի հետ կապված խմբավորումների հարձակումներին:
ԿԻԵՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Վոլոդիմիր Զելենսկին ճապոնական Yomiuri թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան դեռ չի կարող հակահարձակում սկսել երկրի արևելյան ուղղությամբ, որտեղ այժմ ամենաթեժ մարտերն են: Նրա խոսքով՝ պատճառը զենքի պակասն է:
«Կիևը սպասում է գործընկերների ռազմական մատակարարումներին»,- հավելել է նախագահը։
Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությանը, Զելենսկին կարծիք է հայտնել, որ «դրա համար բացարձակապես ոչ մի պայման չկա»։
Բացի դրանից՝ նա նշել է, որ թերահավատորեն է վերաբերվում Չինաստանի առաջարկած խաղաղության ծրագրին։
«Մենք Պեկինից միջնորդության կամ բանակցություններ կազմակերպելու առաջարկներ չենք ստացել»,- ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ Պեկինը ծանուցվել է նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամության մասին։
Լրատվականը նշում է, որ Զելենսկին այդ հարցազրույցը տվել է 2 օր առաջ Խերսոնից Կիև վերադառնալու ճանապարհին:
ԲԱՅԴԵՆԸ ԵՎ ԹՐՅՈՒԴՈՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
Օտտավայում ավարտվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բանակցությունները: Հանդիպման արդյունքներով երկու երկրի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել:
Բայդենը և Թրյուդոն համաձայնել են խորացնել գործակցությունը հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արկտիկայում, ինչպես նաև ամրապնդել հարաբերությունները Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության գծով:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Կանադան և ԱՄՆ-ը Չինաստանին համարում են «միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերը»:
«Այնուհանդերձ, կգործակցենք Չինաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Թրյուդոն ու Բայդենն ընդգծել են «Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը և կոչ արել առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով:
Լրատվամիջոցները գրում են, որ Կանադայում Բայդենի և Թրյուդոյի հանդիպումն արձագանքն է վերջերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի բանակցություններին:
Սպիտակ տան ղեկավարը Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ Պեկինը դեռ զենք չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պայքարելու համար, սակայն ապագայում նման հնարավորություն բացառել պետք չէ:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ՏԵՍՆԵԼ ԵՄ ԿԱԶՄՈՒՄ. ԲԵՐԲՈՔ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ: Կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության հետ լապված մարտահրավերներին:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ Ղարիբաշվիլին ու Բերբոքը քննարկել են երկկողմ գործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացը: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։
Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թբիլիսի է այցելել, քանի որ ցանկանում է Վրաստանին տեսնել Եվրամիության կազմում: Զուրաբիշվիլին իր հերթին ընդգծել է՝ վրացիներն իրենց Եվրոպայից լքված կհամարեն, եթե երկրորդ անգամ մերժվեն եվրաինտեգրման ճանապարհին։
Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում էլ Բերբոքը Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու համար։
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: