Հայաստանի քաղաքացիները նախորդ տարի ավելի շատ են նախընտրել հանգիստն անցկացնել երկրի տարածքում:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալի՝ 1 մլն 929 հազար 940 քաղաքացի 2022-ին Հայաստանում է հանգստացել, ինչը 20,9 տոկոսով ավելի է 2021-ի ցուցանիշից: Տվյալն արտացոլում է հյուրանոցային տնտեսություններում հաշվառված քաղաքացիներին:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Իրական թիվը պաշտոնական թվից ավելի մեծ է: Ինչո՞ւ: Ոչ թե խախտումներ կան, այլ հյուրանոցային տնտեսության դեռևս ոչ բոլոր օբյեկտներն են հաշվառված: Կան նաև շատ զբոսաշրջային տներում, գյուղական բնակավայրերում գիշերակաց ունեցած ներքին զբոսաշրջիկներ, որոնցից շատերը էս ընդհանուր վիճակագրական հաշվետվությունների մեջ կարող են չլինել:
20 և ավելի տոկոս ներքին զբոսաշրջության աճը զգացել են նաև տուրիստական ընկերությունները: Նշում են՝ կորոնավիրուսից հետո աշխուժությունն ակնառու է:
Գոհար Հարությունյան (տուրիստական ընկերության տուրերի գծով փոխտնօրեն) - Սահմանների փակ լինելու հետևանքով շատերը ստիպված էին ուղղակի Հայաստանում կազմակերպել իրենց հանգիստը, և երբ որ երկիրը ճանաչեցին, բացահայտեցին, որ հնարավոր է նաև մեզ մոտ շատ ուղղություններով հետաքրքիր հանգիստ, ժամանց կազմակերպել, համեղ սնվել, նախընտրությունները դեպի Հայաստան ավելի մեծացան: Դրա համար զբոսաշրջիկները, որոնք հիմնականում իրենց հանգիստը դրսում էին պլանավորում, հիմա ,կարելի է ասել, միտում ունեն նաև Հայաստանի վրա կենտրոնանալու, ինչը, իհարկե, ուրախալի է:
Կան նաև վիճակագրության մեջ չարտացոլվող մեկօրյա զբոսաշրջային այցելություններ, ինչն ըստ տուրիստական ընկերության փոխտնօրենի՝ ամենօրյա և ավելի ակտիվ է: Ըստ Հարությունյանի՝ հաճախ օտարերկրացիների և տեղացիների նախընտրությունները տարբերվում են:
Գոհար Հարությունյան - Բայց հիմնականում ունենք հայտնի ուղղություններ, որոնցում ներգրավվածությունը, թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների մասով համեմատաբար ավելի մեծ է: Դրանք են դեպի Սյունիք-Տաթև ուղղությունը, դեպի Տավուշ-Դիլիջան ուղղությունը և այլն: Այսինքն՝ հիմնական ինչ-որ լոկացիաներ կան, որոնք ավելի շատ են նախընտրում և՛ տեղացիները, և՛ օտարերկրացիները:
Կան երկրներ, որոնք ներքին զբոսաշրջությունն ավելի են կարևորում, քան ներգնան՝ նշում է Մեխակ Ապրեսյանը:
Ըստ նրա՝ ներգնա զբոսաշրջությունը շատ դեպքերում մայրաքաղաքով է սահմանափակվում, և ներքին զբոսաշրջությունն այս առումով մի շարք խնդիրներ է լուծում:
Մեխակ Ապրեսյան - Ընդհանրապես, Երևանը մեծ քաղաքն է, հիմնական տնտեսությունը և հիմնական ֆինանսները Երևանում են, և ներքին զբոսաշրջությունը հնարավորություն է տալիս այդ եղած գումարները, ռեսուրսները վերաբաշխել նաև դեպի Հանրապետության մարզեր, գյուղական բնակավայրեր: Էդ իմաստով շատ կարևոր է ներքին զբոսաշրջությունը:
Եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կանխատեսմամբ, այս տարի հնարավոր է գերազանցվի 2022-ի ռեկորդային ցուցանիշը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան