Նախաձեռնված մոտ 59 հազար քրեական վարույթ: Քննչական կոմիտեում 2022-ին հարուցված վարույթները 21-ի համեմատ 42,8 տոկոսով ավելացել են:
ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյան - Աճը պայմանավորված է առավելապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, մասնավորապես, հետաքննության ինստիտուտի դադարմամբ: 22 թվականի հուլիսից՝ այսինքն՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 29 հազար 266 հաղորդում, որից 25 հազար 155-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաձեռնված վարույթներով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 1768-ի նկատմամբ, բավարարվել՝ 1424-ը:
Կամո Սահակյան - Էականորեն բարձրացել է քննիչների ծանրաբեռնվածությունը, մասնավորապես, 1 քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 111 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 83-ի դիմաց, այսինքն՝ ծանրաբեռնվածությունը աճել է 27,5 տոկոսով:
Նախաձեռնված վարույթներով պետությանը պատճառված վնասը գնահատվել է մոտ 7,3 միլիարդ դրամ, որից 1,7 միլիարդը վերականգնվել է, կալանք է դրվել մոտ 2 միլիարդ դրամի գույքի վրա: Կոմիտեում քննվում է նաև կոռուպցիոն բնույթի 1238 քրեական վարույթ:
Կամո Սահակյան - 1238 քրեական վարույթից 77-ը 149 անձի՝ առավելապես պաշտոնատար անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 216-ը կարճվել է, որից 135-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 81-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, այդ թվում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ:
Քննիչ Կարեն Կարապետյանն էլ տարվա խոշոր բացահայտումներից մեկն է ներկայացնում:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կարեն Կարապետյան - Մեղադրյալը իր ծանոթ համագյուղացի մի շարք անձանցից իրենց նախազորակոչիկ որդիներին զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով նրանց դրդել է որպես կաշառք իրեն գումար տալ, իբրևէ թե իրեն ծանոթ պաշտոնատար անձանց և բժիշկների միջոցով նրանց որդիներին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:
Մեղադրյալը տաքսու վարորդ է եղել և տաբեր բժշկական հաստատություններում ծանոթ ունեցել: Ենթադրյալ կաշառք տվողները՝ նրա համագյուղացիները կամ բարեկամները:
Կարեն Կարապետյան - Իմանալով, որ այդ ծանոթների երեխաների մի մասը ունեն նաև որոշակի հիվանդություններ և հնարավոր է ստանան տարկետում օրենքով սահմանված կարգով, այդ հանգամանքը օգտագործելով՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել:
Ամենախոշոր գումարը 10 հազար դոլարն է եղել, որի մի մասը փոխանցվել է, մյուսի փոխանցման ժամանակ էլ տաքսու վարորդը ձերբակալվել է: Ընդհանուր առմամբ՝ 2022-ին ավարտվել է մոտ 20 հազար վարույթ, դատարան ուղարկվել մոտ 4800-ը:
Ավարտված վարույթների թվում ևս աղմկոտ գործեր կան: Օրինակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու գործը. նա մեղադրվում է սպանության փորձի համար:
Դատարան են հասել նաև «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ թաղային հեղինակության սպանության, ապօրինի որդեգրումների, ընդդիմության ցույցերի ընթացքում զանգվածային անկարգությունների գործերը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան