ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկա ամիսներին պատերազմի վտանգ է տեսնում։ Այս մասին Ռասմուսենը հայտնել է Le Figaro-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը կարող է հումանիտար աղետի հանգեցնել, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակ է, և սկսած առաջին անհրաժեշտության ապրանքներից մինչև դեղամիջոցներ՝ ոչինչ չի անցնում։ Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։
Անդերս Ֆոգ Ռասմուսեն («Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր) - Ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղերձ եմ հղել՝ արգելափակումը դադարեցնելու կոչով։ Նա ինձ չի պատասխանել, ինչպես որ երբեք չի արձագանքել միջազգային հանրության տարբեր հայտարարություններին։ Միջազգային դատարանն էլ է Ադրբեջանին պարտավորեցրել դադարեցնել շրջափակումը, սակայն շրջափակումը շարունակվում է։ Ես գնահատում եմ այս հարցում Էմանուել Մակրոնի հանձնառությունը և հույս ունեմ, որ նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու հարցում Ֆրանսիային կմիանան նաև Եվրոպական Միության հիմնական պետությունները:
Հարցին, թե ինչպիսի ճնշման մասին է խոսքը, Ռասմուսենը պատասխանել է․ «Եվրոպական հանձնաժողովը և Ադրբեջանը կապված են միմյանց էներգետիկ ոլորտի համաձայնագրերով։ Ակնհայտ է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո այլընտրանքներ են հարկավոր։ Բայց հենց այս համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար,- կարծիք է հայտնել Ռասմուսենը և նշել, որ կարևոր է Բաքվին ասել՝ էներգետիկ շահը չի ստիպելու Եվրոպային հայացքը թեքել հնարավոր հումանիտար աղետից։
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Ես կարծում եմ, որ Ալիևը մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Որովհետև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն օրենքի խախտում է, ինչպես և ահաբեկչությունները, որոնք իրականացվել են անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի տարածքում, որոնց հաջորդել է Հայաստանի որոշ տարածքների օկուպացիան։ Եվրոպական Միությունը պետք է հասկացնի Ալիևի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ։
Անդերս ֆոգ Ռասմուսենը հավելել է, որ Մոսկվան ոչինչ չի արել այս իրավիճակը կանխելու համար, ինչպես սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա։ Հնարավոր է, որ Մոսկվան, բացի նրանից՝ որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաև հնարավորություն չունի, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա՝ կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է, իսկ Ռուսաստանի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Ահա թե ինչու եվրոպական պետությունները պետք է զբաղվեն Հարավային Կովկասով։ Կարծում եմ, որ Եվրոպական Միությունը հասկացել է, թե ինչ է դրված խաղասեղանին՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։ Այս պահին դիտորդների խումբը շատ փոքր է, միջոցները չափազանց սահմանափակ են, իսկ փորձագետները հասանելիություն չունեն սահմանի ադրբեջանական հատվածին։ Սակայն սա լավ բազա է:
Հարցազրույցի ավարտին «Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիրը հստակեցրել է՝ դիտորդների նպատակն է միջնաժամկետ հեռանկարում կանխել ադրբեջանական սպառնալիքը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՌԱՍՄՈՒՍԵՆ
Project Syndicate պարբերականում հրապարակված լայնածավալ հոդվածում էլ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է , որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները՝ հրաժարվելով վերացնել Արցախի շրջափակումը, անտեսելով անգամ ՄԱԿ Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը:
Անդերս Ֆոգ Ռասմուսեն (ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար) - Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։ Եթե Եվրոպան և ամբողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի: Այս ամենի նպատակը, ակնհայտորեն, հայ բնակչության կյանքն առավել բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։
Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը Լաչինի միջանցք Միավորված ազգերի կազմակերպության կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելն է, համոզված է Ռասմուսենը և շեշտում է՝ պետք է հստակ հասկացնել, որ Ադրբեջանի նախագահը կբախվի հետևանքների, եթե շարունակի անտեսել Միջազգային դատարանի կարգադրությունը: