«ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ՝ ՄԱՐՏԻ 28-30-ԻՆ
Մարտի 28-30-ը նախատեսված է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրների առաջնորդի:
Սպիտակ տան ղեկավարի օգնական Ռոբ Բերշչինսկու խոսքով՝ հրավիրված են բոլոր այն գործընկերները, որոնք մասնակցել են 2021 թվականի գագաթնաժողովին: Նա հավելել է, որ այս տարվա միջոցառմանը հրավիրել են ևս 8 նոր կառավարությունների ներկայացուցիչներ՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Լիխտենշտեյնից, Կոտ դ'Իվուարից, Գամբիայից, Մավրիտանիայից, Մոզամբիկից, Տանզանիայից և Հոնդուրասից։
Բերշչինսկին ընդգծել է, որ միջոցառումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի գագաթնաժողովի հրավիրյալների ցանկում Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը ներառված չեն եղել:
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել իրավիճակն Ուկրաինայում ու երկկողմ հարաբերությունները՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին հացահատիկի գործարքի երկարաձգման հարցում դրական դիրքորոշման համար: Նրա խոսքով՝ Թուրքիան մեծապես կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջոցով հակամարտության շուտափույթ ավարտը:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան Սոչիում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա կարող են տնտեսական գործակցության ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել:
ՎԵՐՋԻՆ 6 ԱՄՍՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1600 ԲՆԱԿԻՉ Է ՍՊԱՆՎԵԼ. ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում զոհերի և տուժածների թիվը կարող է ավելի մեծ լինել: Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 8 հազար 317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազարը՝ վիրավորվել:
Զեկույցի համաձայն՝ արձանագրվել է ավելի քան 100 բժշկական և գրեթե 180 ուսումնական հաստատությունների վնաս կամ ավերածություն։
ՄԱԿ-ի աշխատակիցները փաստագրել են ռուս զինվորականների կողմից 21 խաղաղ բնակչի սպանություն, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ, քաղաքացիական անձանց վրա հարձակումներ: ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25 դեպք, ևս 15 ուկրաինացի ռազմագերու էլ սպանել են ռուսաստանցի զինվորականները։
Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրո Լուբինեցը քննադատել է ՄԱԿ-ի զեկույցը։ Պաշտոնյան նշել է, որ Կիևը ցանկանում է կազմակերպությունից փաստեր ստանալ ուկրաինացիների կատարած հնարավոր խախտումների մասին։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներն այսպես կոչված «կաթվածի շաբաթ» են հայտարարել՝ գրում է The Jerusalem Post-ը։ Դա ենթադրում է, որ ամբողջ երկրում բողոքի ցույցերը կշարունակվեն 1 շաբաթ: Նախաձեռնության հեղինակների մտահղացմամբ՝ ակցիաներ կանցկացվեն բոլոր այն վայրերում, ուր կայցելեն կառավարության անդամներն ու պատգամավորները։ Լրատվականը գրում է, որ ավելի վաղ «կաթվածի օր» էր հայտարարվել: Ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել, շրջափակել կառավարական շենքերը, փակել ճանապարհները և հավկիթներ նետել պատգամավորների վրա։
Ցուցարաները պնդում են՝ դատական փոփոխություններ կատարելով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Նեթանյահուի կաբինետի պնդմամբ, սակայն, այս փոփոխություններն ավելի ժողովրդավար կդարձնեն Իսրայելը:
Երկրի նախագահ Իցհակ Հերցոգն աջակցություն է հայտնել ցուցարարներին։ Նա իշխանությունների ծրագրերը «մղձավանջ» է որակել, կոչ արել հրաժարվել օրինագծից՝ խուսափելու քաղաքացիական պատերազմից։ Իսրայելում բողոքի ակցիաները չեն դադարում հունվարից, մարտի կեսերին տեղի ունեցած ցույցերի ժամանակ փողոց է դուրս եկել շուրջ կես միլիոն մարդ:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԵՆՍԻԱ ՆԱՀԱՆԳՈՒՄ
Իսպանիայի Վալենսիա նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում: Իշխանությունները մի շարք բնակավայրերից ավելի քան 1 500 մարդու են տարհանել։ Կաստելիոն գավառում մեկ օրում ավելի քան երեք հազար հեկտար անտառտարածք է վառվել: Իրավիճակը բարդանում է բարձր ջերմաստիճանի և ցածր խոնավության պատճառով։
Երկրի Օդերևութաբանական ծառայության տվյալով՝ չոր եղանակը նպաստել է, որ այս տարի անտառային հրդեհները սովորականից շուտ սկսվեն։ Հրդեհների սեզոնը սովորաբար սկսվում է հունիսին:
2022 թվականին Իսպանիայում շուրջ 500 հրդեհ է բռնկվել՝ ոչնչացնելով ռեկորդային 307 հազար հեկտար հողատարածք: