Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը՝ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է հրահրում Լեռնային Ղարաբաղում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով: Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի մեծ դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում: Այս մասին նշված է Project Syndicate պարբերականում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լայնածավալ հոդվածում:
Նրա խոսքով՝ աշխարհի ուշադրությունն արդարացիորեն կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի վրա, բայց դա արդարացում չէ՝ անտեսելու ևս մեկ ճգնաժամ, որը հասունանում է Եվրոպայի շեմին։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։ Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։
Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքի մուտքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ։ Amnesty International-ը զգուշացնում է, որ «ցուցարարների» կողմից Լեռնային Ղարաբաղ բոլոր քաղաքացիական և առևտրային փոխադրումները արգելափակելու պատճառով շուրջ 120 000 էթնիկ հայեր զրկված են հիմնական ապրանքներից և ծառայություններից, ներառյալ՝ կենսական նշանակության դեղամիջոցներն ու բժշկական սպասարկումը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի համաձայնագրով Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ճանապարհի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:
Ընդունելով, որ Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները՝ հրաժարվելով վերացնել շրջափակումը, ՄԱԿ-ի Միջազգային դատարանը փետրվարի 22-ին կարգադրություն է հրապարակել, որով Ադրբեջանից պահանջում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջանցքի ապաշրջափակման համար:
Բայց անցավ մեկ ամիս, և ոչինչ չփոխվեց։ Անգործության էին մատնված նաև միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք պետք է պահպանեին երթուղին։ Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա՝ շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի։
Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ Լեռնային Ղարաբաղը խեղդելու համար։ Բնակիչներին հաճախ թույլ չեն տալիս վերադառնալ իրենց տները, իսկ գազն ու էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում են՝ առանց նախազգուշացման և բացատրության: Այս ամենի նպատակը, ակնհայտորեն, հայ բնակչության կյանքն առավելագույնս բարդացնելն է, և մոտալուտ էթնիկ զտման լուրջ վտանգ կա։
Մենք չպետք է մեր հայացքը փախցնենք այն ամենից, ինչ տեղի է ունենում: Իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և համացանցում գործող նրա խամաճիկները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները: Նրանք նույնիսկ հրաժարվում են ապահովել միջազգային դիտորդների հասանելիությունը՝ իրավիճակը գնահատելու համար:
Այսպիսով, միջազգային հանրության առաջնային խնդիրը Լաչինի միջանցք Միավորված ազգերի կազմակերպության կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելն է: Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կբախվի հետևանքների հետ, եթե շարունակի անտեսել Միջազգային դատարանի պարտավորեցնող կարգադրությունը:
2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը հստակ ցույց տվեց, որ Ադրբեջանը զգալի ռազմական առավելություն ունի Հայաստանի նկատմամբ՝ շնորհիվ այն զենքի, որը նա գնել է Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից: Այս փաստը հաստատվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց տարածքներ հենց Հայաստանում, այդ թվում՝ ռազմավարական դիրքեր Ջերմուկ քաղաքի վրա, ընդամենը երկու օր տևած մարտերից հետո։
Չնայած Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ տարածաշրջանային դաշինքի, որը Ռուսաստանը կապում է հինգ հարևան նախկին խորհրդային պետությունների հետ, նրա ինքնիշխան տարածքի վրա այս հարձակումից հետո որևէ աջակցություն չի եղել:
Հայաստանը մնում է խոցելի և միայնակ։ Ավելի վատ է այն, որ Ադրբեջանն իր զորքերը թողել է Հայաստանի տարածքում և հրաժարվել է վերադարձնել հայ ռազմագերիներին։ Քանի որ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, ակնհայտ նշաններ կան, որ Ադրբեջանը կարծում է, որ ռազմական ճանապարհով կարող է ավելիին հասնել, քան խաղաղ բանակցությունների միջոցով:
Չի կարելի բացառել առաջիկա ամիսներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերսկսումը։ Քանի որ Հայաստանի անվտանգության ավանդական երաշխավորը՝ Ռուսաստանը, չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրոպական Միությունը պետք է ավելի մեծ դեր ստանձնի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Թե՛ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել են դա և այդ հարցում զգալի քաղաքական կապիտալ են ներդրել:
Սեպտեմբերին ռազմական գործողությունների վերսկսումից հետո ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար: Բայց դեռ շատ բան կա անելու։ ԵՄ առաքելությունը, որը ներկայումս տեղակայված է միայն Հայաստանի տարածքում, պետք է արագ ընդլայնվի՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը: Եվրոպացի առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ալիևի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եվրամիության անձնակազմին՝ գործել նաև Ադրբեջանի տարածքում: Իհարկե, ԵՄ անզեն առաքելությունը չէր կարողանա դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն դիտորդների ներկայության ավելացումը լրացուցիչ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկիրը բանակցությունները գերադասի ռազմական առճակատումից։
Վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ-ն ավելի ու ավելի սերտ տնտեսական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ՝ ռուսական գազից ու նավթից արագորեն հրաժարվելու շնորհիվ: Սակայն ԵՄ առաջնորդները պետք է Ալիևին հստակ հասկացնեն, որ նրան թույլ չեն տա անպատիժ գործել, և որ Եվրոպայի կարճաժամկետ առևտրային շահերը չեն գերիշխի նրա արժեքներին կամ երկարաժամկետ շահերին Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում։ Եթե Ադրբեջանը շարունակի անտեսել իր միջազգային պարտավորություններն ու Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր դատական որոշումները, ապա ստիպված կլինի բախվել քաղաքական և տնտեսական հետևանքների:
Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է՝ չափազանց բարդ հարևանների շրջանում։ Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում Եվրոպան պետք է ավելի մեծ դեր խաղա տարածաշրջանում։ Սա բարեգործություն չէ։ Բոլորի շահերից է բխում գործել հիմա՝ մեր հարևանությամբ մեկ այլ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտումներ կանխելու համար»,- գրել է Ռասմուսենը: