ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ցուցադրել է՝ որտեղ է տեղակայվելու Ակադեմիական քաղաքը:
«Այժմ ես գտնվում եմ Վահագնի թաղամասի, Պռոշյան բնակավայրի, Աշտարակ համայնքի միջնամասում գտնվող մի տարածքում, և ահա նաև այս հատվածում ենք կառուցելու մեր երազած Ակադեմիական քաղաքը:
Ընդ որում՝ պիտի հիշեցնեմ, որ Ակադեմիական քաղաքի այդ նախագիծը պիտի սկսվի «Հայֆիլմի» տարածքից, որտեղ կտեղակայվի Արվեստների կլաստերը՝ Արվեստների ավագ դպրոցով և Արվեստների համալսարանով: Կունենանք ժամանակակից համերգասրահ: Այս հատվածում համալսարաններ կունենանք, բայց ուզում եմ ընդգծել սպայական ավագ դպրոցը, սպայական համալսարանը: Ֆիզիկայի ինստիտուտի Աշտարակի ավանում կունենանք տեխնոլոգիական կլաստերը:
Ընդ որում՝ մի նրբության մասին եմ ուզում ասել՝ մտածում ենք՝ այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը. կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր մշակութային շերտ կա, որը նախկինում եղել է Հայաստանում: Եթե մասնագետները տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատեն, հենց այս հատվածում կունենանք ֆուտբոլի ազգային ստադիոն:
Ուզում եմ ասել՝ սա է, այո՛, արձագանքը մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, տեխնոլոգիաները, գիտությունը, արվեստը:
Ուզում եմ ընդգծել, որ համերգասրահը, որի մասին ասում եմ, կլինի ոչ միայն համերգասրահ, այլև դահլիճ՝ նախատեսված և՛ կինոդիտումների, և՛ օպերայի, և՛ թատրոնի համար. այսպես ասած, ունիվերսալ բեմ կունենանք: «Հայֆիլմի» ստուդիաները կօգտագործվեն նաև ուսանողների համար, իսկ Արվեստների համալսարանը կներառի գրականությունը, երաժշտությունը, թատրոնը, կինոն, տեխնոլոգիաները, իսկ սպայական հատվածը՝ սպայական բոլոր մասնագիտությունները՝ ավագ դպրոցով և սպայական համալսարանով:
Այո՛, այսպիսին պետք է լինի մեր արձագանքը մարտահրավերներին, որովհետև անվտանգություն, անվտանգային ուժեղ համակարգ նշանակում է՝ այդ թվում՝ կրթություն, գիտություն, մշակույթ: Ինքնության անվտանգությունը պակաս կարևոր չէ. ես ապրում եմ այս ծրագրով և ցանկացա իմ ապրումները կիսել նաև ձեզ հետ»,- ասել է ՀՀ վարչապետը: