Սահմանադրական դատարանը մայր օրենքին համապատասխան ճանաչեց Հռոմի ստատուտը` միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը: Որոշումն այսօր հրապարակվեց ու հենց այդ պահից էլ մտավ ուժի մեջ:
Արման Դիլանյան (ՀՀ ՍԴ նախագահ) - 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են սահմանադրությանը:
Բարձր ատյանը որոշումը կոնսենսուսով չընդունեց: 9 դատավորից 3-ը՝ Հրայր Թովմասյանը, Երվանդ Խունդկարյանն ու Արայիկ Թունյանը, հատուկ կարծիք են արտահայտել: Դրանք կհրապարակվեն տասնօրյա ժամկետում, ամբողջական որոշումն էլ ՍԴ կայքում՝ երեք օրերի ընթացքում:
Վահե Գրիգորյան (ՀՀ ՍԴ դատավոր) - Սա Սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության նախնական ստուգման գործընթացն էր, որը ավարտվեց, դրանից հետո գործընթացը շարունակվելու է Աժ-ում, եթե այն շարունակվի , ամեն դեպքում վավերացման որոշման կայացման իրավասությունը վերապահված է ԱԺ-ին:
Միջազգային կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դրա ընդունումից ընդամենը մեկ տարի հետո՝ 1999-ին, ու 24 տարի չէր վավերացրել: Դեռ 2004-ին Բարձր դատարանն այն համարել էր այն ժամանակ գործող՝ 1995 թվականի Մայր օրենքին հակասող ու գործընթացն այդ փուլում կանգ էր առել:
Միայն անցած տարեվերջին կառավարությունը որոշեց նորից դիմել բարձր ատյան՝ շեշտելով այն փաստը, որ 2004-ից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոխվել է և հնարավոր է փոփոխություն լինի նաև դատարանի դիրքորոշման մեջ: Գործադիրի դիմումը ՍԴ մուտք եղավ հունվարի 3-ին ու քննվեց գրավոր ընթացակարգով:
Միջազգային քրեական դատարանը քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը։ Եթե ԱԺ-ն վավերացնի կանոնադրությունը, այն կունենա հետադարձ ուժ՝ դրա ազդեցությունը տարածելով 2021 թվականի մայիսի 10-ից սկսած:
Վահե Գրիգորյան - Սա նշանակում է, որ բոլոր այն հանցագործությունները, որոնք ՀՀ տարածքում կամ ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացվել են 2021 թվականի մայիսի 10-ից ժամը 00-ից ի վեր, մտնում են միջազգային քրեական դատարանի իրավազորության տիրույթ, այսինքն` միջազգային քրեական դատարանի դատախազը համապատասխան հիմքերի և ազդակների առակության դեպքում կարող է սկսել քննությունն ու իր իրավասությունների իրագործումն այդ ուղղությամբ
Այս հարցով զեկուցող ՍԴ դատավորը բացատրում է՝ միջազգային քրեական դատարանի իրավազորությունը սկսվելու է այն կետում, որտեղ արդարադատության համակարգը՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, անկարող է լինելու կամ բավարար կամք չի ունենալու պատշաճ հետաքննել ցեղասպանությունները, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունները:
Վահե Գրիգորյան - Պատկերավոր ասած` միջազգային քրեական դատարանը միջամտում է իրողությունը բնականոն հուն տեղափոխելու համար:
Եթե Բարձր դատարանի որոշումից հետո ԱԺ-ն վավերացնի փաստաթուղթը, Հայաստանը կլինի տարածաշրջանում երկրորդ երկիրը Վրաստանից հետո, որ միացել է Հռոմի ստատուտին: Թեև Ադրբեջանը կանոնադրության անդամ չէ, դեռ տարեվերջի կառավարության նիստում արդարադատության նախարարը նշել էր, որ միջազգային փաստաթղթի վավերացումը թույլ կտա պատասխանատվության կանչել պաշտոնական Բաքվին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացրած հանցագործությունների համար:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար, 29.12.2022) - ՍԴ կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք միջազգային քրեական դատարանի իրավապահ գործիքակազմին ներգրավելու ենք, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները արդեն միջազգային ատյանները կարողանան քննեն և անկախ նրանից` հակառակ կողմը այդ պայմանագրի անդամ է, թե ոչ, որպես քրեական հանցագործի կկարողանան պատասխանատվության ենթարկել:
Դատարանը համապատասխանության ստուգումը սկսել է Սահմանադրության նախաբանի և ստատուտի նպատակների համադրումից: Հայաստանի մայր օրենքում, Վահե Գրիգորյանի խոսքով, սահմանադիրը՝ այսինքն` հայ ժողովուրդը, իր հավատարմությունն է հայտնում համամարդակային արժեքներին, իսկ ցեղասպանությունները, պատերազմական, նաև մարդկության դեմ հանցագործությունները սպառնում են համընդհանուր բարօրությանն ու խաղաղությանը: Հետևաբար հենց նախաբանում ներկայացված նպատակներին ու սկզբունքերին հակասող ցանկացած մեկնաբանություն հակասում է նաև Սահմանադրությանը: Նույն արժեքների պաշտպանությանն է ուղղված նաև Հռոմի ստատուտը: