Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, որը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել, հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլու հետ:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին ու Բերբոքը քննարկել են երկկողմ համագործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի ունեցած առաջընթացը և ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման դինամիկան: Ընդգծվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում և աշխարհում անվտանգության միջավայրին և առկա մարտահրավերներին:
Եվրաինտեգրման գործընթացը քննարկվել է նաև Բերբոքի և Զուրաբիշվիլու հանդիպմանը: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թբիլիսի է այցելել, քանի որ ցանկանում է Վրաստանին տեսնել Եվրամիության կազմում: Զուրաբիշվիլին իր հերթին ընդգծել է. Վրաստանի բնակչությունը չի հասկանա ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ մերժումը և նման բարդ իրավիճակում իրեն Եվրոպայից լքված կհամարի։
Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ ճեպազրույցում Բերբոքը Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու ճանապարհին։ «Վրաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ առանց քաղաքացիական հասարակության»,- նշել է գերմանացի նախարարը և հավելել, որ Բեռլինը ցանկանում է նպաստել հարցի լուծմանը։ Բերբոքի խոսքով՝ եթե Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է ներգրավվի ԵՄ անվտանգության քաղաքականության մեջ և աջակցի դրան։
Գերմանիայի ԱԳ նախարարը դեսպանի նստավայրում հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել «Ազգային շարժում», «Լելո», «Կուսակցություն հանուն Վրաստանի», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Բացի դրանից՝ Բերբոքը հանդիպել է վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անդրադարձ է եղել Թբիլիսիում մարտի 7-9-ի բողոքի ցույցերին և օտարերկրյա գործակալների մասին օրինագծերին: