Մարտի 24-ին, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ, հրապարակվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` զինված հակամարտությանը երեխաների ներգրավման առնչությամբ Հայաստանի հանդեպ մեղադրանքներ պարունակող, Ադրբեջանի կողմից շրջանառած զեկույցի առնչությամբ։
Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում՝ ընդգծելով, որ կեղծիքի տարածումը ՄԱԿ-ում Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է դարձել: Ընդգծելով հակամարտության տարածքներում բնակվող երեխաների իրավունքների պաշտպանությանը Հայաստանի հանձնառությունը` ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից նշվում է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր իսկ դատապարտելի արարքների մեջ Հայաստանին մեղադրելու ապարդյուն փորձերը, այդ թվում՝ չարաշահելով երեխաների իրավունքների թեման առերևույթ քարոզչական նպատակների համար, և դրա փոխարեն կատարի իր իրավական պարտավորությունները, մասնավորապես` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները։
Նամակը հասանելի է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով: