ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից հղում եմ ամենաջերմ շնորհավորանքները Ձեզ և Հունաստանի եղբայրական ժողովրդին Հունաստանի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն:
Ամուր ավանդական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-հունական միջպետական հարաբերություններն աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, ինչի համար ընդունեք, խնդրեմ, անկեղծ երախտագիտությունս։
Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունն ապագայում ևս կամրապնդվի և կընդլայնվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, ներառյալ Հայաստան-Եվրամիություն համագործակցության համատեքստը, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակը:
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ մեր պատրաստականությունը՝ զարգացնելու մեր երկրների միջև առկա բազմաշերտ համագործակցությունը ի նպաստ հայ և հույն բարեկամ ժողովուրդների»: