ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցին, անդրադարձավ դպրոցի տնօրենին ներկայացվող պահանջներին՝ ըստ օրենքի վերջին փոփոխության:
««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն արեցինք, որտեղ հստակ ֆիքսեցինք, թե ովքեր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին: Խոսքը ոչ միայն տնօրենի, այլև վարչատնտեսական համակարգողի մասին է:
Այդտեղ հստակ ֆիքսել ենք կուսակցական գործունեության վերահսկիչ մարմիններում լինելու արգելքը:
Դրել ենք նաև հավելյալ պայմաններ: Նախկինում ունեինք իրավիճակ, որ քրեական գործ էր հարուցվում, օրինակ՝ ֆինանսական չարաշահումների մասով, այնուհետև այդ անձն ընդունում էր իր մեղքը, բերում էր ու փոխհատուցում վնասը, և գործը կարճվում էր, դրանից հետո նա կարողանում էր հանգիստ գալ ու նորից մասնակցել տնօրենի մրցույթին և կրկին դառնալ տնօրեն:
Նախորդ տարվա օրենքի փոփոխությամբ հստակ ամրագրել ենք արգելող դրույթը, որ եթե անձի գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, ապա նա չի կարողանալու մասնակցել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնի համար հայտարարվող մրցույթներին»,- ասաց Անդրեասյանը: