Արամայիս Մելքոնյան (ջերմատան նախկին սեփականատեր) - Էս ջերմոցը մերը չի, եթե մերը լիներ, պետք է էս բոլորը քանդեի, ծաղիկ դնեի:
Ջերմատունը, որը 15 տարի առաջ հիմնել են հայթաղցի Մելքոնյանները, դարձել է ՖԻՆՔԱ վարկային կազմակերպության սեփականությունը: Ընտանիքը վարկ է վերցրել, գործի մեջ դրել ու ձախողել: Ու քանի որ չի կարողացել ժամանակին վճարել պարտքը, գրավի առարկան՝ ջերմոցը, անցել է ՖԻՆՔԱ-ին:
Արամայիս Մելքոնյան - Հենց հիմա այստեղ 2-3 մլն փող կա, եթե փակվեց, մեկ օրվա մեջ 3 մլն-ը ջուրն ենք գցում: Իրականում գումար չունեմ, որ մուծեմ, ոչ թե կա՝ չեմ մուծում, այլ չկա:
Ջերմատան մի հատվածում ծաղիկ, մյուսում՝ վարունգ են աճեցնում: Սածիլից մինչև ոռոգում ու բուժում՝ լուրջ գումար են ներդրել: Միայն գազի ու լույսի համար ավելի քան 1 մլն դրամ են ծախսել՝ հույս ունենալով, որ բերքը կհավաքեն, կվաճառեն ու կմարեն պարտքերը:
Արամայիս Մելքոնյան - Թողեք ես այդ 1,5 մլն-ը վճարեմ, ջերմոցս թողնում են ձեզ: Այս ջերմոցում հիմա այդ գումարը կա, բայց ոնց հասկանում եմ...
Վարկային կազմակերպությունը ջերմոցը հանձնելու վերջնաժամկետ է սահմանել մարտի 27-ը: Մելքոնյանները խնդրում են՝ պահանջի կատարումը 20 օրով հետաձգել, որ գոնե բերքը հավաքեն և եկամտից ստացած գումարով թեթևացնեն առաջին հերթին վարկային կազմակերպության նկատմամբ իրենց ֆինանսական պարտավորությունը:
Արամայիս Մելքոնյան - Օրենքով իրենք ճիշտ են, ուղղակի որ պետք է փչանա 10 թե 20 օր հետո, իրենց ոչինչ չի տալու, էլի իրենցն է, ընդամենը իմ ապրանքը ծախեմ, թողեմ դուրս գամ:
Մելքոնյանների խնդրանքին ՖԻՆՔԱ-ն մեկ անգամ արդեն ընդառաջել է. 15 օրով հետաձգել է ջերմատան հանձնումը: Բայց Արամայիս Մելքոնյանի խոսքով՝ դա բավարար ժամկետ չէ բերքի հասունացման և հավաք կազմակերպելու համար: Եթե մարտի 27-ին ջերմատունը հանձնեն, կկորցնեն նաև բերքն ու դրանից սպասվող շահույթը:
Արամայիս Մելքոնյան - Փակվելու է, կողպելու են: Եթե օդանցքները բաց մնացին, քամին տակնուվրա է անելու ներսը: Փոթորիկը որ մտնում է մեջը, ինչ կա՝ հելնում է օդ: Օդանցքները պետք է փակվեն, իսկ եթե փակվեն, ներսում 50 աստիճան է լինելու, բույսը մի օր չի դիմանա:
«Լուրերը» փորձեց ՖԻՆՔԱ-ից հետաքրքրվել՝ հնարավո՞ր է ջերմատան հանձնումը երկարաձգեն ևս 20 օրով: Վարկային կազմակերպության իրավաբան Էդվարդ Եղիազարյանը նախ մեկ ժամ, ապա՝ դարձյալ մի քանի ժամ խնդրեց՝ հարցին պատասխանելու համար: Ի վերջո, հեռախոսով ասաց՝ հղում անելով կազմակերպության ղեկավարությանը՝ հարցմանը չեն պատասխանի՝ գաղտնիության սկզբունքը չխախտելու համար:
Իսկ Մելքոնյան ընտանիքը հույսը չի կորցնում, որ իրենց թույլ կտրվի վերջին անգամ բերքը հավաքել և հնարավորություն ունենալ մասամբ թեթևացնելու պարտքի բեռը: