ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել պաշտոնավարման 100 օրվա ասուլիսով: Նա ներկայացրել է ոլորտներում կատարված և նախատեսվող ծրագրային աշխատանքները, անդրադարձել կառավարման խնդիրներին:
Խոսելով սպորտի ոլորտում իրականացված և սպասվելիք ծրագրերի մասին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս ոլորտում ևս կան լրջագույն անելիքներ:
«Այս տարի մեր երկրում նախատեսված են սպորտային մեծ միջոցառումներ, մասնավորապես, ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև աշնանը կայանալիք սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Մի կողմից մեր անելիքներն այս սպորտային միջոցառումների կազմակերպման գործընթացներն են, որոնք, իհարկե, նախարարությունը չի անում միայնակ, մյուս կողմից՝ սպորտի ոլորտում մեր նախապատրաստական աշխատանքներն են Փարիզում 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ մեր մարզիկների պատշաճ մարզավիճակի ապահովման համար: Այդ նպատակով նախորդ տարվանից գործարկվել է նպաստների տրամադրման ծրագիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Նա տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» շարքի բոլոր հինգ մրցաշարերն այս տարի կանցկացվեն լավարկված և բարելավված ձևաչափերով, որպեսզի հնարավոր լինի նաև ավելի մեծ մասնակցություն ապահովել:
Նախարարի ընդգծմամբ՝ սա նույնպես շարունակական քաղաքականություն է:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սպորտային ենթակառուցվածքների զարգացման առումով ևս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում:
«Կառավարության վերջին նիստում հաստատվեց Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի մարզադպրոցի կառուցման որոշման նախագիծը: Ենթակառուցվածքների բարելավմանը նույնպես շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը: