Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, հետևել իրականացվող ինժեներական աշխատանքներին։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։
Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտու մարտական դիրքեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ։
Նախարար Պապիկյանը հորդորել է առավել մեծ ակտիվություն ցուցաբերել մարտական, ֆիզիկական և կրակային պարապմունքներին։ Օրվա ավարտին նախարարը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ, լսել սպայակազմին հետաքրքրող հարցերը և ներկայացրել այն անելիքները, որոնք իրագործվելու են առաջիկայում։