Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում Սիրիայի հետ՝ երկու երկրի միջև հյուպատոսական ծառայությունները վերականգնելու համար:
Սաուդյան Արաբիայի պետական al-Ekhbariya հեռուստաալիքը մեջբերել է Թագավորության արտգործնախարարության պաշտոնյայի խոսքը. «Երկու ժողովուրդների միջև անհրաժեշտ հյուպատոսական ծառայությունների տրամադրումը դյուրացնելու ուղղությամբ Թագավորության քայլերի շրջանակներում քննարկումներ են ընթանում սիրիացի պաշտոնյաների հետ՝ հյուպատոսական ծառայությունները վերսկսելու համար»:
Reuters-ը, վկայակոչելով երեք աղբյուրների, հայտնել է, թե Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերաբացել իրենց դեսպանատները՝ ավելի քան մեկ տասնամյակ առաջ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, ինչը մեծ առաջընթաց կլինի պաշտոնական Դամասկոսի համար՝ արաբական աշխարհ վերադառնալու հարցում: