Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը:
Բարձր դատարանը որոշումն այսօր է հրապարակել, հարցը քննության էր առնվել գրավոր ընթացակարգով: Կառավարությունը դատարան էր դիմել 2022-ի դեկտեմբերի վերջին:
«Դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննության առնելով 1998 հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց.
1. 1998 հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում և 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Որոշման վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն դատավորներ Թունյանը, Խունդկարյանը, Թովմասյանը»,- հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Միջազգային քրեական դատարանը, հիշեցնենք, քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։
Ըստ ընթացակարգի՝ ստատուտը պետք է դեռ ներկայացվի խորհրդարանի հաստատմանը: