ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ԼԱՅԵՆԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՉԻՆԱՍՏԱՆ
Բրյուսելում շարունակվում է ԵՄ գագաթնաժողովը: Այսօր ԵՄ առաջնորդները քննարկել են տնտեսական հարցեր: Եվրոպական կենտրոնական բանկը վստահեցրել է Եվրամիության առաջնորդներին, որ եվրոգոտու բանկային համակարգն ապահով է, սակայն առաջնորդներին կոչ է արել շարունակել ԵՄ ավանդների ապահովագրման սխեմայի հզորացումը: Գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմիանա իրեն Չինաստան կատարելիք այցի շրջանակում: Մակրոնը շեշտել է, որ նպատակ ունեն Չինաստանին պահել Եվրոպայի կողքին՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: ԵՄ առաջնորդների հանդիպումների օրակարգում գլխավոր թեմաներից է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Երեկ Եվրամիության առաջնորդները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել էին համաշխարհային պարենային անվտանգության և Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների թեման, ինչպես նաև հաստատել են Կիևին ավելի շատ հրետանային արկեր մատակարարելու ծրագիրը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է մեծ ուշադրություն դարձնել սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին:
ԱՄՆ-Ը ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉԻ ՁԳՏՈՒՄ. ՔԻՐԲԻ
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված հակամարտության չի ձգտում՝ հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը: Ջոն Քիրբին ընդգծել է, որ Սիրիայում ամերիկյան կողմի ավիահարվածների նպատակն էր երկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանությունը: Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ համաձայն որի՝ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակում է գործել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա, որի հետևանքով ամերիկացի մեկ մարդ զոհվել է, 5 զինծառայող վիրավորվել են։
Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական տվյալների համաձայն՝ ԱԹՍ-ն եղել է իրանական արտադրության։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ձեռնարկել է պատասխան ավիահարվածներ արևելյան Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա:
ՉԱՐԼԶ III-Ի ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3րդի այցը Ֆրանսիա հետաձգվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին. հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատը: Ֆրանսիայի նախագահը հատարարել է, որ հաշվի առնելով երկրորւմ շարունակվող բողոքի ցույցերը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորի հետ և տեղեկացրել երկրորում տիրող իրավիճակի մասին: Էմանուել Մակրոնի խոսքով՝ Չարլզ 3-րդի այցը կկազմակերպվի, երբ Ֆրանսիայում վերականգնվի հանգիստ մթնոլորտը: Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է, որ, նախնական, պլանավորում են այցը կազմակերպել ամռան սկզբին: Ֆրանսիայի տաբեր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ:
ՍՈՒՆԱԿԸ ԵՎ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետներ Ռիշի Սունակը և Բենիամին Նեթանյահուն չեղյալ են հայտարարել մամուլի համար նախատեսված հայտարարությունները, որոնք պետք է արվեին այսօր Լոնդոնում կայանալիք երկկողմ հանդիպումից առաջ: Պատճառը Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի հարակից տարածքում կազմակերպված բողոքի ցույցեր են:
Նեթանյահուի հակառակորդները իրենց բողոքն են հայտնել Իսրայելի կառավարության քաղաքականության և նախաձեռնած դատական ոլորտի փոփոխությունների դեմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակն իր նստավայրի մուտքի մոտ ողջունել է իսրայելցի գործընկերոջը, և ձեռքսեղմումից հետո նրանք արագ մտել են կառավարության շենք:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Է
Պաշտոնական այցով Վրաստանում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Աննալենա Բերբոքը Վրաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել սկսել անհրաժեշտ բարեփոխումները Եվրամիությանն ինտեգրվելու և ներքաղաքական բևեռացումը հաղթահարելու ճանապարհին։
«Օտարերկրյա գործակալների մասին օրինագծերի հետկանչումից հետո քաղաքականության խնդիրն այժմ բևեռացումը հաղթահարելն է, վստահության վերականգնումը և լիարժեք վստահությամբ բարեփոխումներ իրականացնելը»,- ասել է Բերբոքը:
Նա ընդգծել է, որ Վրաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ, որպեսզի երկիրն անդամակցի Եվրամիությանը: Նրա խոսքով՝ Գերմանիան ցանկանում է Վրաստանին տեսնել միության կազմում։ Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ եվրաինտեգրումը Վրաստանի ժողովրդի պատմական ընտրությունն է, և այդ ուղղությամբ մեծ աջակցության ակնկալիք ունեն։