ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 31-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս կնոջ սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի բակում վիճաբանություն է առաջացել Երևանի 25-ամյա բնակիչ Լ.Ա.-ի և 31-ամյա բնակիչ Վազգեն Մարգարյանի միջև, որի ընթացքում վերջինս իր ընկերների հետ ծեծի է ենթարկել 25-ամյա երիտասարդին:
Իրեն ծեծի ենթարկելու համար վրեժ լուծելու շարժառիթով Վ.Մարգարյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կարճ ժամանակ անց՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երիտասարդը հանդիպել է իր 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին և տեղեկացրել իր հանցավոր մտադրության մասին:
Վերջինս զանգահարել է երիտասարդին ծեծի ենթարկած անձին և նրանից տեղեկանալով, որ գտնվում է Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, այդ տեղեկատվությունը տրամադրել է 25-ամյա երիտասարդին, որից հետո միասին, վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել են հիշյալ վայր: Նկատելով 31-ամյա տղամարդուն և նրա ընկերներին, Լ. Ա.-ն, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերած հրազենը, իջել է ավտոմեքենայից ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով շուրջ 15 կրակոց է արձակել երեք ընկերների հետ Վ. Մարգարյանի և նրա «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Արդյունքում՝ Վ. Մարգարյանը, աջ ոտքի թաթին ստանալով վիրավորում, դիմել է փախուստի ու թաքնվել, իսկ կրակոցներից մեկը դիպել է հիշյալ ավտոմեքենայի սրահի հետնամասում գտնվող վերջինիս կնոջ՝ Դիանա Դարբինյանի կրծքավանդակին, որի հետևանքով կինը տեղում մահացել է:
Այնուհետև, 25-ամյա երիտասարդն իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը փոխանցել է իր հետ եկած ծանոթին՝ Լ.Ս.-ին, ով վերցնելով այն՝ ապօրինի պահել է իր մոտ և վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, հեռացել՝ հրազենը փոխադրելով այլ վայր:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Լ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նրա 30-ամյա ծանոթ Լ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու նպատակով: