Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին բանը, որ փորձել է անել Ժաննա Անդրեասյանը, արդյունավետ կառավարման շուրջ աշխատանքն է: Նախարարությունում առաջիկայում կլինեն կառուցվածքային փոփոխություններ:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Որպեսզի թե՛ ֆունկցիոնալ բաշխումները, թե՛ մեր կողմից արվող աշխատանքը դարձնենք ավելի արդյունավետ:
Այս առումով նախարարը թվայնացումը նույնպես կարևորում է, որ պակասի վարչարարությունը՝ հնարավորինս կրճատվեն օղակները, ժամկետները: Առաջին փուլում ֆունկցիոնալ բաշխումները կարվեն, երկրորդ փուլում փոփոխություններն ավելի շատ կվերաբերեն բարձրագույն կրթության ոլորտին: Կձևավորվի բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ ներկայիս գիտության և բարձրագույն որակավորման կոմիտեների ու բարձրագույն կրթության վարչության հենքի վրա, որ ոլորտում քաղաքականությունը լինի միասնական:
Ժաննա Անդրեասյան - Հանրակրթության ոլորտում շատ կարևորում ենք, որ մենք ամբողջացրել ենք հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ամբողջ փաթեթը, այս ընթացքում հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը:
ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐԸ
Ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի բարելավում, սեպտեմբերին բոլոր դպրոցներում նոր չափորոշչի փուլային ներդրման նախապատրաստական աշխատանքներ: Սրանք ևս նախարարը առանձնացրեց: Երկու ամսվա թիմային աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել, որ այս տարվանից ատեստավորվեն նաև արտադպրոցական հաստատատությունների մանկավարժական աշխատողները:
Ակադեմիական քաղաք ծրագրի վերաբերյալ նախարարն ասաց՝ ճշգրտվել է ճանապարհային քարտեզը: Առաջիկայում կշրջանառվի այն կառույցի ստեղծման նախագիծը, որը պետք է զբաղվի ծրագրի նախապատրաստման, իրականացման, համակարգման աշխատանքներով:
Մշակույթի ոլորտում Անդրեասյանը կարևորեց ռազմավարական ծրագիրը, որը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը:
Ժաննա Անդրեասյան - Հատուկ ուշադրություն ենք դարձնում մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելին, որի հիմքում ընկած է խթանը, որպեսզի մշակութային հաստատությունները կարողանան գեներացնել ավելի մեծ չափով սեփական եկամուտներ, և այդ եկամուտների գեներացմանը զուգընթաց պետությունն էլ ունենա ավելի մեծ մասնակցություն ֆինանսավորման տեսանկյունից:
Նախարարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությամբ կլուծվի նաև հուշարձանների կադաստրի վարման հարցը:
Սպորտի ոլորտում նույնպես անելիքները շատ են: Մասնավորապես պլանավորված են սպորտային մեծ միջոցառումներ:
Ժաննա Անդրեասյան - Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն է, որը ապրիլին կլինի, հենց նույն ամսում ունենք նաև բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս տարի նաև սամբոյի աշխարհի առաջնություն է աշնանը պլանավորված: Վաղը կկայանա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախարարն անդրադարձավ Հայաստանում ռուսական դպրոցներ գործարկելու կրկին ակտիվացած թեմային: Ընդգծեց՝ բոլորն ու միշտ են հիշում, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Նշեց, որ դեկտեմբերին կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որից հետո էլ աշխատանքային խումբ է ստեղծվել երկու կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքները կներկայացնեն, երբ դրանք լինեն:
Ժաննա Անդրեասյան - Հաշվի առնելով ՌԴ-ի կողմից քաղաքացիների մեծ թվով հոսքը մեր երկիր վերջին տարվա ընթացքում, հայտնի հանգամանքներից ելնելով, մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե այդ քաղաքացիների համար կա կրթության կազմակերպման անհրաժեշտություն, և այստեղ նաև անհրաժեշտություն կա, որպեսզի այդ քաղաքացիները հնարավորություն ունենան սովորելու այսպես կոչված ռուսական դպրոցում, ապա սա իհարկե նույնպես կարող ենք քննարկել:
Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց՝ օրենքը պահանջում է, որ Հայաստանի քաղաքացիների համար ուսուցումը լինի գրական հայերենով: Այլ լեզվով ուսուցում կարող է լինել օտարերկրյա քաղաքացիների համար: Նաև Հայաստանի քաղաքացիների համար՝ այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է միջազգային կրթական ծրագրին և այն իրականացվում է ավագ դասարաններում:
Հետևաբար, նախարարի վստահեցմամբ, հայ-ռուսական աշխատանքային խմբում քննարկումները վարում են մեր երկրի օրենսդրության շրջանակներում: Այսինքն՝ գործող օրենքներն են գծում այն սահմանները, թե ինչն է թույլատրված քննարկել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան