ԵՄ-Ն ԿՀԵՏԵՎԻ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՄԱՆԸ
Եվրամիության առաջնորդները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել են համաշխարհային պարենային անվտանգության և Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների թեման, ինչպես նաև հաստատել են Կիևին ավելի շատ հրետանային արկեր մատակարարելու ծրագիրը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է մեծ ուշադրություն դարձնել սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին: ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում Լայենը նշել է, որ ԵՄ-ում այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի միջոցներ են ձեռնարկվել։
Եվրահանձնաժողովի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե երբ է պլանավորվում սկսել պատժամիջոցների 11-րդ փաթեթի վրա աշխատանքը։
ՉԱՐԼԶ III-Ի ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ֆոնին` հայտարարությունը տարածել է Ելիսեյան պալատը: Որոշում է կայացվել Մակրոնի և Չարլզ III-ի հեռախոսազրույցից հետո։
Նշվում է, որ այցը հետաձգվել է, որպեսզի Փարիզը կարողանա ընդունել Նորին մեծությանը երկու երկրի բարեկամական հարաբերություններին համապատասխան պայմաններում։ Այցի նոր ժամկետը դեռ հայտնի չէ: Մեծ Բրիտանիայի թագավորի այցը Ֆրանսիա նախատեսված էր մարտի 26-29-ը:
Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփումների դեմ ցույցերը շարունակվում են:
Ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 457-ի՝ հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը: Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի՝ ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցել երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաներին։ Մինչդեռ «Աշխատանքի գլխավոր համադաշնություն» արհմիության տվյալով՝ այդ թիվը 3,5 միլիոն է:
ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՔՐԴԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Թուրքիայի նախագահը Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերին սպառնացել է նոր ռազմական գործողություններով: Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այդ օպերացիաներն իրականացվելու են ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Թուրքիայի առաջնորդը նաև զգուշացրել է՝ չփորձել Թուրքիայի վրա ճնշում գործադրել:
«Մենք կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»,- ընդգծել է Էրդողանը։
ԱԹՍ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՎՐԱ
ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակում է գործել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա, որի հետևանքով ամերիկացի մեկ մարդ զոհվել է, 5 զինծառայող վիրավորվել։
Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ԱԹՍ-ն եղել է իրանական ծագման։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ձեռնարկել է պատասխան ավիահարվածներ արևելյան Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա: