Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, իրավական փոխօգնության ոլորտների և երկու պետությունների միջև համատեղ համագործակցության վերաբերյալ հարցեր:
Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը` Հայաստանին մշտապես աջակցելու և տարբեր շրջաններում ցուցաբերվող աջակցության ու արդյունավետ գործընկերության համար:
Նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության բարեփոխումների օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է պրոբացիայի և հարկադիր կատարման ոլորտում նախատեսվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը:
Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Գերմանիան բարձր է գնահատում ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությունը, որն ուղղված է ժողովրդավարության, օրենքի գերակայության հաստատմանն ու պահպանմանը: Դեսպանը կարևորել է գերմանական ոլորտային ծրագրերի շրջանակներում արդարադատության նախարարության հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները:
Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է արդարադատության, դատաիրավական ոլորտի բարեփոխումներով և նոր նախագծերի մշակման գործընթացներով:
Հանդիպման ավարտին քննարկվել են հետագա համագործակցության, լավագույն փորձի ուսումնասիրման հնարավորության և այլ հարցեր: