Մարտի 24-ին Գյումրիում անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» համատեղ ցուցադրական մարտավարական վարժանքներ, տեղեկացնում են ընկերությունից:
Միջոցառման պլանի համաձայն՝ մշակվել է երկաթուղում արտակարգ իրավիճակների երեք սցենար։ Առաջին սցենարով՝ Գյումրի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ուղևորատար վագոններից մեկում: Երկրորդ սցենարը ենթադրում էր ամոնիակի արտահոսք երկաթուղային ցիստեռնից։ Երրորդ սցենարը՝ վառելանյութով ցիստեռնի բռնկում: Վարժանքներին ներգրավված են եղել Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները և ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, Շտապօգնության, Ոստիկանության, «Վեոլիա ջուր» ընկերության և «Էլեկտրական ցանցերի» աշխատակիցները։
ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի խոսքով՝ զորավարժությունները հաստատել են ԱԻՆ փրկարար ծառայությունների և բուն ընկերության պատրաստվածության բարձր մակարդակը։ Շնորհակալություն հայտնելով ԱԻՆ ղեկավարությանը մասնագիտական աշխատանքի համար՝ նա վստահություն է հայտնել, որ նման վարժանքների պարբերական անցկացումը նպաստում է արտակարգ իրավիճակների դեպքում փրկարար ծառայությունների պատրաստվածության բարձրացմանը։ Օլեգ Շատալովը հաստատել է ընկերության աջակցությունը պարբերական միջոցառումների կազմակերպման գործում: