Մեծ Բրիտանիայի և Իսրայելի վարչապետներ Ռիշի Սունակը և Բենիամին Նեթանյահուն չեղյալ են հայտարարել մամուլի համար ծրագրված հայտարարությունները, որոնք պետք է արվեին ուրբաթ՝ Լոնդոնում կայանալիք երկկողմ հանդիպումից առաջ: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
Պարբերականը նշել է, որ Սունակը և Նեթանյահուն ի սկզբանե պետք է Դաունինգ սթրիթի բանակցություններից առաջ հանդես գային համատեղ կարճ հայտարարությամբ: Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր են եկել Նեթանյահուի հակառակորդները՝ բրիտանական մայրաքաղաքում բնակվող հրեաներ ու իսրայելցիներ։
Նրանք սպասել են Նեթանյահուի ժամանմանը, որպեսզի արտահայտեն իրենց բողոքը վարչապետի կառավարության քաղաքականության և նրա ծրագրած դատական բարեփոխումների դեմ, գրում է թերթը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակն իր նստավայրի մուտքի մոտ ողջունել է իսրայելցի գործընկերոջը, և ձեռքսեղմումից հետո նրանք արագ մտել են կառավարության շենք:
Իսրայելի վարչապետը Լոնդոն է ժամանել մարտի 24-ի վաղ առավոտյան։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք կմեկնի մարտի 23-ին, սակայն այցի մեկնարկը հետաձգվել է։ Ըստ Times of Israel թերթի՝ հետաձգումը պայմանավորված էր Իսրայելում ձգձգվող ներքաղաքական խորհրդակցություններով: