ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին:
Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:
Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:
Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»:
Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի առևտրի պալատի տարեկան ընդհանուր ժողովին: