ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՆԱԴԱ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկօրյա այցով ժամանել է Կանադա: Երկու առաջնորդները և նրանց կանայք հանդիպել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նստավայրում: Ակնկալվում է, որ Ջո Բայդենն ու Ջասթին Թրյուդոն կքննարկեն միգրացիային, անվտանգությանը և էներգետիկային վերաբերող հարցեր:
Հանդիպումից մեկ օր առաջ լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ Միացյալ Նահանգները և Կանադան համաձայնության են եկել կասեցնելու ապաստան հայցողների մուտքը ընդհանուր ցամաքային սահման ոչ պաշտոնական անցակետերով: Այցի ընթացքում առաջնորդները կքննարկեն նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Սպասվում է նաև Ջո Բայդենի ելույթը Կանադայի խորհրդարանում:
ԱԹՍ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ՎՐԱ
ԱՄՆ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակում է գործել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա, որի հետևանքով ամերիկացի մեկ մարդ զոհվել է, 5 զինծառայող վիրավորվել։ Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ԱԹՍ-ն եղել է իրանական ծագման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ձեռնարկել է պատասխան ավիահարվածներ արևելյան Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող օբյեկտների վրա:
ՍԻՐԻԱՆ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱԲԱՑԵՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ
Սիրիան և Սաուդյան Արաբիան հնարավոր է վերականգնեն հյուպատոսական ծառայությունները: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկու ժողովուրդների միջև հյուպատոսական ծառայությունների տրամադրումը դյուրացնելու ուղղությամբ Թագավորության կողմից իրականացվող քայլերի շրջանակներում քննարկումներ են ընթանում սիրիացի պաշտոնյաների հետ: Reuters գործակալությունն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, թե Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերաբացել իրենց դեսպանատները՝ ավելի քան 10 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, ինչը մեծ առաջընթաց կլինի պաշտոնական Դամասկոսի համար՝ արաբական աշխարհ վերադառնալու հարցում:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայում կենսաթոշակային փոփոխությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի՝ ավելի քան 1 միլիոն մարդ է մասնակցել երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաներին։ Մինչդեռ Աշխատանքի գլխավոր կոնֆեդերացիա արհմիության տվյալով՝ այդ թիվը 3,5 միլիոն է: Կենսաթոշակային բարեփոխումների դեմ համազգային բողոքի ցույցերի իններորդ օրը ցուցարարները ջարդել են խանութների ցուցափեղկեր, ներխուժել են ռեստորաններ, սրճարաններ: Ֆրանսիայի Բորդո քաղաքում էլ ցուցարարները հրդեհել են քաղաքապետարանի շենքը։ Ակտիվիստների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 123 ոստիկան, 80 մարդ ձերբակալվել է: Արհմիությունները մտավախություն ունեն, որ բողոքի ակցիաները կարող են դառնալ ավելի կատաղի, եթե կառավարությունը ուշադրություն չդարձնի ժողովրդի աճող զայրույթին: Ֆրանսիան մարտի 16-ին կառավարության որոշում է ընդունել կենսաթոշակային տարիքը 62-ից 64-ի բարձրացնելու մասին։