Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ թուլացել է Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունը, նման տեսակետ է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական AlQahera News լրատվամիջոցին տրված հարցազրույցում: Ըստ Միրզոյանի՝ առաջին անգամ եվրոպական անվտանգության խնդիրներն ի հայտ եկան 2020 թվականին, երբ շատերն անտարբերության մատնեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի՝ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու փաստը։ Նախարարի գնահատմամբ՝ միջազգային հանրության կողմից ուժի կիրառման հստակ դատապարտման բացակայությունը հանգեցրեց այն իրավիճակին, որին այժմ առերեսվում է ամբողջ աշխարհը։
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Ավելին, 2022 թ. փետրվարից, քանի որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, Ադրբեջանը հաճախակի ուժ է կիրառում։ Դրա ամենավառ օրինակը նախորդ տարվա սեպտեմբերին էր, երբ Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և գրավելով ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրը: Ես կարծում եմ, որ որոշակի կանոններ, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, պետք է պահպանվեն բոլորի կողմից։
Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք ունի, վերահաստատել է Միրզոյանը, հավելել, որ մեր երկիրը բարեխղճորեն ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում:
Արարատ Միրզոյան - Հայաստանը պատրաստ է բոլոր կոմունիկացիաների բացմանն այն պահին, երբ Ադրբեջանն ընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Սահմանազատման հետ կապված, ցավոք, 2022 թ. համապատասխան հանձնաժողովների կազմավորումից ընդամենը ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև ևս մեկ ներխուժում իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածք՝ փորձելով արդարացնել իր ագրեսիան սահմանները զատված չլինելու կեղծ փաստարկով:
Եգիպտական լրատվամիջոցին արտգործնախարարը տեղեկացրել է, որ սկսած 2022 թ. դեկտեմբերից Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են պայմանագրի նախագծի մի շարք առաջարկներ՝ փորձելով առաջ ընթանալ գործընթացում՝ առանցքային հարցերի շուրջ արդար լուծումներ գտնելու համար:
Արարատ Միրզոյան - Հայկական կողմի առաջարկներից է սահմանազատման չափորոշիչների հստակեցումը, քանի որ, մեր կարծիքով, առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանների զատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների, երկու երկրները չեն կարող հստակեցնել, թե որ տարածքային ամբողջականությունն են նրանք փոխադարձաբար ճանաչում, ինչն էլ խաղաղության հաստատման փոխարեն կհանգեցնի մեկ այլ բախման:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանին փոխանցված առաջարկների մանրամասները: Բացի սահմանազատման չափորոշիչների հստակեցումից, նաև հեռացնել պետական սահմանից զինված ուժերը և սահմանագծի երկայնքով ապառազմականացված գոտի ստեղծել՝ որպես վստահության ձևավորման միջոց և անվտանգության մեխանիզմ, ինչը, ըստ նախարարի, կօգնի կանխել ցանկացած հնարավոր էսկալացիա: Հայկական կողմը կարևոր է համարում միջազգային մեխանիզմի առկայությունը, որ կհասցեագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը:
Արարատ Միրզոյան - Ադրբեջանը պարբերաբար hետ է կանգնում պայմանավորվածություններից, շարունակում ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև հրաժարվում լուծել հումանիտար խնդիրները, որոնցից է մինչ օրս իր իսկ հաստատած 33 հայ ռազմագերիներին պատանդ պահելը: Ավելի մեծ թվով հայերի ճակատագիր դեռ մնում է անհայտ, և մենք տեղեկացրել ենք մեր գործընկեր կազմակերպություններին այդ բռնի անհետացումների դեպքերի մասին: 2020 թ. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը կանգնած է լիակատար ոչնչացման սպառնալիքի առջև:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԻ ԲԱՔՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թ․նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Ըստ պայմանավորվածության՝ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։
Արարատ Միրզոյան - Ավելին, ուզում եմ ընդգծել, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։ Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրության առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը։
Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ:
Արարատ Միրզոյան - Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։
Ամփոփելով՝ Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ չնայած բոլոր ռիսկերին Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք սերունդների համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան