Հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր Փարիզում և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներում կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները քարեր, Մոլոտովի կոկտեյլներ են նետել իրավապահների վրա։ Բորդոյում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի մուտքը, Թուլուզում և Լիոնում ջարդեր են կազմակերպել։
«Ֆրանսիայում հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 457 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղեկցվել են անկարգություններով»,- CNews հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:
Նա նաև նշել է, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է ոստիկանության և ժանդարմերիայի 441 աշխատակից։ Նախարարը հավելել է, որ Փարիզում գրանցվել է «քաղաքային գույքի և աղբամանների հրկիզման 933 դեպք»։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը մտահոգություն է հայտնել բողոքի շարժման «արմատականացման» կապակցությամբ։ Նրա խոսքով՝ այս շաբաթ Ֆրանսիայի Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությունը 11 հետաքննություն է սկսել՝ կապված ակցիաների ժամանակ ցուցարարների գործողությունների հետ։