ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսեց խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումների մասին ու նշեց՝ բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել:
«Ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, ոչ առանցքային հարցերին: Բոլոր առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են: Դրանց հիմնական մասում կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»,- ասաց Միրզոյանը:
Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի և Արևմուտքի առաջարկների մասին պատգամավորներից մեկի հարցին. «Ես էլի եմ լսել այդպիսի սահմանումներ այն մասին, որ ՌԴ-ն առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքը՝ հարցը լուծել հենց հիմա: Այս սահմանումը ճշգրիտ չէ: Ռուսական տարբերակը ինչ-որ պահի քննարկվել է ու մերժվել Ադրբեջանի կողմից՝ կարգավիճակի պարզաբանում հետագայում:
Այս բանակցային գործընթացը, որում ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ-ի իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում, որի ներքո տեղի կունենա ԼՂ իրավունքների և անվտանգության հարցերի քննարկում Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»: