109.8 կմ ճանապարհ՝ 14.8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով. Լոռու մարզում այս տարի ճանապարհաշինական բում է սպասվում: Արդեն մեկնարկել են Մ-6-Եղեգնուտ-Դեբետ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Այս խնդիրը բազմիցս էր բարձրաձայնվել մեր բնակիչների կողմից: Այսօր արդեն իրականություն է, մեկնարկը տրված է: Եվ շատ կարևոր է այն առումով, որ Մ-6 ճանապարհը ինքը շրջանցող ճանապարհ է՝ Դեբետ-Եղեգնուտը, որը որ երթևեկության առումով ավելի կհեշտացնի մեր քաղաքացիներին, շտապօգնության մեքենաների հետ կապված, զբոսաշրջության հետ կապված շատ մեծ նշանակություն ունի:
Մոտ 40 տարի չհիմնանորոգված ճանապարհը բարեկարգվում է պետական բյուջեի միջոցներով: Պայմանագրային արժեքը մոտ 850 մլն դրամ է:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն) - Ճանապարհի շինարարական աշխատանքները դեռ սկսվել են 2020 թվականից: Նախկին շինարարի հետ մենք պայմանագրի խզում ունեցանք: Այս ճանապարհը իրագործվում էր «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով, որը իրականացնում էին Համաշխարհային բանկի ծրագրով՝ համատեղ, բայց քանի որ վարկային ծրագիրը 2022 թվականի նոյեմբերին արդեն իսկ ավարտվում էր, որոշում կայացվեց այս ծրագիրն իրականացնել պետական բյուջեի միջոցով:
Վերանորոգվող 8.2 կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Մ-6 միջպետական մայրուղուց և ձգվում դեպի Եղեգնուտ և Դեբետ բնակավայրեր՝ միանալով Դսեղ տանող ճանապարհին: Ծրագրով բարեկարգվելու են նաև բնակավայրերի կարևոր նշանակության փողոցները:
Գոռ Ավետիսյան - Անցած տարի մենք մնացորդային ծավալները առանձնացրեցինք, հայտարարեցինք մրցույթ, արդեն ունենք կապալառու: Կապալառուն մի փոքր աշխատանք անցած տարի մեկնարկեց իրականացնել, այս տարի արդեն հիմնական մեծ ծավալների աշխատանքները, արդեն իսկ տեսնում եք, սկսվել են:
Նորոգվող ճանապարհին կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, այն կկահավորվի անվտանգության տարրերով՝ մետաղական արգելափակոցներ, նշագծումներ, ճանապարհային նշաններ և այլն։
Հարություն Ասլանյան (շինարարական ընկերության ներկայացուցիչ) - Արհեստական կառույցները՝ դա բորդյուր, հենապատեր, պարապետեր, անվահրիչներ, ունենք 2 կամրջի հիմնանորոգման աշխատանք տվյալ ծրագրի մեջ, որոնք որ էս պահին փուլի մեջ են, ընթացքի մեջ են: Դեբետ գյուղը կապող Եղեգնուտ գյուղին և Եղեգնուտ գյուղը 2 կամուրջներն էլ պետք ա նորոգվեն:
Գյուղական ճանապարհի հիմնանորոգումը բնակավայրերի առաջնային խնդիրներից էր։ Լուծվել է նաև բնակիչների զբաղվածության խնդիրը:
Արամ Խաչատրյան - Աշխատանքները բոլոր բնակավայրերում իրականացնում են տեղի բնակիչները, որը որ մեզ համար շատ կարևոր է այն առումով, որ մարդիկ իրենց հանապազօրյա հացի համար չեն գնում Հայաստանի սահմաններից դուրս վաստակելու:
Պատասխանատուների խոսքով՝ հիմնանորոգված ճանապարհը բնակիչներին կհանձնեն մինչև տարեվերջ:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան