Նախորդ տարի մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 3-ը վերաբերել են աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։ Բոլորը ներքին շահագործման դեպքեր են։
Էդուարդ Թումաղայան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - 2022 թվականին Քննչական կոմիտեում իրականացվել են քրեական վարույթներ՝ թվով 22 դեպքերի առթիվ հարուցված, 22 դեպքերից 9-ը տեղափոխվել են այս թվական, այսինքն՝ վարույթը շարունակվել է 23 թվականին, ունեցել ենք թվով 7 քրեական գործերով մեղադրական եզրակացություններ, որոնք ուղարկվել են դատարան, թվով 5 քրեական գործերով վարույթները կարճվել են, իսկ 1 քրեական գործով վարույթը կասեցվել է, քանի որ մեղադրյալը թաքնվել է վարույթ իրականացնող մարմնից և դիմել է փախուստի: Նախորդ տարի 11 դատական վարույթ է եղել, որոնցից 2-ով մեղադրական դատավճիռ է կայացվել:
2022-ին Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը թրաֆիքինգի զոհ է ճանաչել 6 անձի՝ նախորդ տարվա 31-ի համեմատ: Ավագ քննիչը նշում է՝ 2022-ին սեռական շահագործման դեպքերն են շատ եղել:
Էդուարդ Թումաղայան - Նաև այս տարի ունենք սեռական շահագործման դեպքեր: Մարտի 22-ին քրեական հետապնդում է հարուցվել մի անձի նկատմամբ, խափանման միջոց կիրառվել է կալանավորումը մեկ այլ մարմնավաճառի սեռական շահագործման ենթարկելու փաստով:
Հայաստանում թրաֆիքինգի զոհերին տրամադրվում են տարբեր աջակցություններ, օրինակ՝ կացարան, բնաիրային, իրավաբանական և հոգեբանական օգնություն, նաև՝ դրամական աջակցություն:
Դավիթ Թումասյան (փաստաբան, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ) - Իհարկե, նմանատիպ աջակցություն ստանալու համար անձը պետք է պարտադիր անցնի նույնացման հանձնաժողովի գործընթացներով և նույնացվի հանձնաժողովի կողմից՝ որպես թրաֆիքինգի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ: Խոսքը գնում է երկու տարբեր հասկացությունների մասին, ինչի, որովհետև մենք ունենք ինչպես մարդկանց, այնպես էլ երեխաների և անօգնական վիճակում գտնվող անձանց թրաֆիքինգի մասին:
Փորձագետի խոսքով՝ Հայաստանում թրաֆիքինգի զոհ դառնում են երեխաները, անօգնական վիճակում գտնվող անձինք, կանայք ու տղամարդիկ, ընդ որում՝ նրանք շատ տարբեր կրթական ցենզեր ունեն:
Դավիթ Թումասյան - Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք ընդհուպ մինչև 63 տարեկան անձինք, ովքեր դառել են զոհեր, և հիմա չի բացառվում, արդեն մեկ քրեական գործով ունենք 70-ն անց տարեց անձ, ով որ շահագործման վիճակում է գտնվել, այսինքն՝ վիճակագրությունը ունի ընդլայնվելու միտում:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության, հատկապես՝ երիտասարդության իրազեկության բարձրացման, նրանց կողմից և նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները կանխելու նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները դպրոցներում անցկացրել են հանդիպումներ, բացատրել շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանցից խուսափելու ճանապարհները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան