2022 թվականին ՀՀ քաղաքականության համար շարունակել է առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում և համապատասխան պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթաց, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության բոլոր ուղիների ապաշրջափակում:
2022 թվականի ընթացքում նշյալ ուղղություններով տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ վարչապետի մասնակցությամբ եռակողմ և քառակողմ ձևաչափերով»,- նշեց Միրզոյանը:
Միրզոյանը հիշատակեց Պրահայի հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստան գործուղվեց ԵՄ դիտորդական առաքելությունը՝ մոնիթորինգ անցկացնելու ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանի երկայնքով:
«Իսկ սահմանազատման գործընթացի իրականացման հիմքում դրվեց Ալմա Աթայի հռչակագիրը:
Նախորդ տարի հանդիպում կայացավ նաև ՌԴ նախագահի միջնորդությամբ Սոչիում, որի շրջանակներում ընդունված հայտարարությունը նույնպես առանձնանշում էր Ալմա Աթայի հռչակագիրը, ինչպես նաև բոլոր խնդիրները բացառապես բանակցությունների միջոցով լուծելու հանգամանքը»,- ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանը հիշեցրեց, որ 2022 թվականին տեղի են ունեցել նաև ԱԳ նախարարների ձևաչափով մի շարք հանդիպումներ:
«Չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին՝ Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները:
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետր տարածք, մշտապես սադրիչ և ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ սահմանին և ԼՂ-ում, ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով Արցախում, գերության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»,- ասաց Միրզոյանը: