ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՇՈՅԳՈՒ-ԱՔԱՐ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի հեռախոսազրույցը: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախարարները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը:
Բացի դրանից՝ նրանք քննարկել են Սև ծովով պարենամթերքի տեղափոխմանը վերաբերող հարցեր: Աքարը նշել է, որ «հացահատիկի գործարքի նախաձեռնության» շարունակականությունը կարևոր նշանակություն ունի միջազգային պարենային ճգնաժամը կանխելու տեսանկյունից:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան ու Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը: Կատրին Կոլոննայի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղ անբավարար քանակի մթերք է հասնում, այն էլ Կարմիր խաչի շնորհիվ, որին օգնում է Ֆրանսիան: Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել Լեռնային Ղարաբաղ մատակարարումը: «Ֆրանսիան չի խոսում, այլ գործում է»,- շեշտել է Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը:
ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆՆ Է. ԲԱՂԵՐԻ
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան կատարած այցին և հայ պաշտոնյաների հետ քաղաքական խորհրդակցություններին:
«Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկումներում կարևորվել է հարևանության քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ Իրանը տարածաշրջանում խաղաղության մշտական հենասյունն է: Թեհրանն ավելի մեծ ջանասիրությամբ է շարունակում գործել Կովկասում կայունություն հաստատելու համար»,- գրել է փոխարտգործնախարարը։
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈՍԿՎԱ
Մարտի 29-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ իրանցի նախարարը կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դիվանագետները կքննարկեն միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը, Իրանի միջուկային գործարքը, Սիրիայում, Աֆղանստանում զարգացումները, Կասպից ծովի կարգավիճակի խնդիրը և այլ հարցեր: Անդրադարձ կլինի նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԱԳՆ
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն: Նրան հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը:
Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցություն գրավոր հարցեր էր ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Հոկստրան նշել է, որ Բաքուն չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Արտգործնախարարն ընդգծել է, որ Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հանրային կերպով կոչ է արել կատարել որոշումը:
Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: