Կառավարությունը հաստատել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով փրկարար ծառայողները կատեստավորվեն, կստանան հավելավճար և դրանով իսկ կբարձրանա ծառայության գրավչությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Փրկարար ծառայության ծառայողների ատեստավորման նոր համակարգով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:
Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել հետևյալ հայեցակարգային մոտեցումների հիման վրա.
Ծառայողը համարվում է ատեստացիան անցած այն պարագայում, երբ նախ, հաջողությամբ հաղթահարել է ընդհանուր զարգացածության թեստը, այնուհետև՝ ֆիզիկական պատրաստականության վարժությունները, ապա մասնակցելով բուն մասնագիտական գիտելիքների ստուգման թեստին՝ նախատեսված 50 հարցերից 30-ին կամ 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան:
Փրկարար ծառայությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, բացի նշված փուլերից, անցնելու են նաև հարցազրույց՝ ղեկավարման հմտությունները լրացուցիչ ստուգելու նպատակով:
Մասնագիտական գիտելիքների պարզմանն ուղղված հարցաշարը բաղկացած է լինելու Փրկարար ծառայության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված ընդհանուր և մասնագիտական հարցերից՝ ըստ ծառայության ուղղվածության:
Եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման չդիմելու կամ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Փրկարար ծառայությունում ծառայությունից ազատման:
Առաջին ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ծառայողին եռամյա ժամկետում մեկ անգամ տրվելու է վերապատրաստվելու հնարավորություն: Իսկ ատեստացիան առաջին անգամ հաջող չհանձնելու դեպքում ծառայողը կստանա առնվազն ևս երկու հնարավորություն։
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի, որը շարունակելու համար ծառայողը կրկին պետք է ատեստավորվի։
Ատեստավորում չեն անցնելու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները, ինչպես նար Ներքին գործերի նախարարության տիրույթ տեղափոխվող ստորաբաժանումների ծառայողները: Ակադեմիայի աշխատակիցների աշխատավարձային քաղաքականությանը անդրադարձ կկատարվի առանձին՝ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման շրջանակներում։
Նշենք նաև, որ աշխատանքներ են տարվում վճարման չափերը և ատեստավորման ընթացակարգերը հստակեցնող Կառավարության որոշումների նախագծերի մշակման ուղղությամբ: