Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և անհետաձգելի համարեց:
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ գործող կարգավորումների համաձայն՝ պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը և պաշտոնը:
Այս պահին եղած կարգավորումներով զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի պահանջների համաձայն՝ քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը:
Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը:
«Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ, և նա ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը, այսինքն՝ առնվազն 120 հազար դրամը, վճարել: Այսպիսով, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ»,- նշեց Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով օրինագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պետությունը, իհարկե, սահմանված չափով վճարումներ նախատեսում է վարժական հավաքի մասնակիցների համար, բայց դրանք երբեմն ավելի պակաս են, քան այն աշխատավարձը, որ մարդիկ ստանում են իրենց աշխատավայրերում: Հիմա այս օրենսդրական կարգավորումներով սահմանում ենք, որ գործատուն այն պարագայում, երբ վարժական հավաքի մասնակցին վճարվող գումարն ավելի քիչ է, քան նրան վճարվող ամսական աշխատավարձը, այդ տարբերությունը գործատուն պիտի վճարի: Սրան զուգահեռ նաև ունենք կարգավորում, որ վարժական հավաքների պլանն իրագործելիս որոշակի տոկոսից ավելի նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրենք վարժական հավաքի, որպեսզի անհամաչափ ծանրաբեռնվածություններ չառաջանան հիմնարկների վրա: Հաշվի առնելով, որ նաև ընդհանուր առմամբ զորահավաքային պատրաստությունը շատ կարևոր է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ կարծում եմ, որ այդ հարցով կառավարության հետ զուգահեռ, նույնչափ պետք է հետաքրքրված և շահագրգռված լինեն և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտի կազմակերպությունները»:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչև այս կարգավորումն էլ շատ գործատուներ պահպանել են աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը. «Անկախ որևէ կարգավորումից, գործատուների մի ստված զանգված, գիտակցելով խնդիրը, բարի կամքով պայմանագրային կարգով դա իրականացնում է»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ գործատուներին՝ գնահատելի քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու համար: