Մենք իսկապես անհանգստացած ենք թշնամական հռետորաբանության և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի քանակի աճով, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումների գնալու՝ կողմերի պատրաստակամության բացակայությամբ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Կողմերին իրենց հայտարարություններում և գործողություններում զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանի սահմանազատում, խաղաղության պայմանագրի պատրաստում, պատգամավորների, հասարակական գործիչների հանդիպումների անցկացում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում Արևմուտքի, Եվրամիության ներգրավումից հետո առաջացան լայնածավալ խնդիրներ: «Խաղաղության, օգնելու պատրաստակամության մասին բոլոր հայտարարությունների ետևում տեսնում ենք լիովին հակառակ պատկեր»,- հավելել է դիվանագետը:
Զախարովան չի մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է՝ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության համաձայնագիր ստորագրեն: