Ոստիկանության պարեկային ծառայողը Հակակոռուպցիոն կոմիտեում քննչական գործողության ժամանակ ներկայացնում է մարտի 20-ի միջադեպի մանրամասները: Ըստ նրա՝ ոչ սթափ վիճակում գտնվող 43-ամյա վարորդը հրաժարվել է ներկայացնել պահանջված փաստաթղթերը՝ մեքենայում դնելով 60 հազար դրամ: Կաշառք տված անձը ձերբակալվել է:
Սմբատ Մխիթարյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 1-ին վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Նախաձեռնվել է քրեական վարույթ, և կաշառք տվող անձը ձերբակալված է: 2-3 օր առաջ ևս ունեցել ենք նման դեպք, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան ուղարկելու համար:
2021-ի հոկտեմբերից՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից մինչև 2023-ի մարտի 21-ը, Հակակոռուպցիոն կոմիտեում քննված 42 քրեական վարույթից միայն 2-ն է վերաբերում պարեկների կողմից կաշառք ստանալուն, 40-ը կաշառք տալու վերաբերյալ գործեր են: 42 քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել 37 անձի:
Սմբատ Մխիթարյան - 2-ը, որոնք վերաբերում են կաշառք ստանալուն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 40 քրեական վարույթները, որոնք վերաբերում են կաշառք տալուն, 27 դեպքով 27 անձի վերաբերյալ ներկայացվել է մեղադրանք, և այդ գործերը ևս ուղարկվել են դատարան:
Մոտ 10 քրեական վարույթ կարճվել է, և 3 քրեական վարույթ ներկայում գտնվում է նախաքննության փուլում: 2022-ի դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է՝ ՃՈ 3 տեսուչ գումար են ստացել և չեն կազմել թույլ տրված վարչական իրավախախտումների վերաբերյալ մոտ 3 տասնյակ արձանագրություն:
Սմբատ Մխիթարյան - Նրանք ձերբակալվել են, ապա հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Սույն քր վարևույթով ի հայտ են եկել բազում նման երևույթներ ենթադրյալ կաշառքի առթիվ, կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀԿԳ ավագ քննիչի խոսքով՝ նախկինում ճանապարհային ոստիկանության տեսուչներին կաշառք տալու դեպքերն իրավապահներին ոչ հաճախ էին հայտնի լինում: Այժմ կաշառք առաջարկելու գրեթե յուրաքանչյուր դեպքում պարեկներն իրենք են այդ մասին հայտնում իրավապահներին: Հաղորդման հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ: Իրավապահներն ընդգծում են՝ պարեկային ծառայության ներդրման առաջնահերթ նպատակներից է կոռուպցիոն ռիսկերի բացառումը։ Մխիթարյանը հիշեցնում է՝ քրեական պատասխանատվություն է նախատեսված ոչ միայն կաշառք տալու, այլև առաջարկելու համար:
Սմբատ Մխիթարյան - Մեր քաղաքացիներին հորդորում եմ, որ զերծ մնան նման արատավոր երևույթներից, քանի որ ցանկացած դեպքում ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Մեր պետության կարևոր խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Մեր աշխատելաոճը ուղղված է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:
Մխիթարյանի խոսքով՝ ցուցանիշները վկայում են, որ ուժեղացվել է Կոռուպցիայի դեմ պայքարը: Ենթադրյալ կաշառքի վերջին դեպքն արձանագրվել է մարտի 22-ին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը։ Հրազդանի կիրճում ստուգում կատարելու նպատակով կանգնեցված մեքենայի վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ուղևորը պարեկներին առաջարկել է 40 հազար դրամ: Նախաքննությունը շարունակվում է: