Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։
Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։
Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը կայքը ներկայացրել է ստորև։
«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին, և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։
Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին:
Չնայած շատ անելիքներ կան, վարչապետը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով ցույց տվեց իր հանձնառությունը բարեփոխումների գործընթացին։ Մենք անհամբեր սպասում ենք այս ուղղությամբ հետագա քննարկումներին և Հայաստանի կողմից իրականացվող այլ ժողովրդավարական բարեփոխումների՝ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա ամսվա վերջին:
Ի վերջո, ուժեղ, ժողովրդավարական Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին»։