Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը Հայաստանում մեծ ծավալով ներքին աշխատանք է իրականացնում, փակուղի չկա: Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Գրիգոր Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու մասին հարցին:
Նա նշել է, որ Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունի և այդ որոշումը կայացվել է բազմաթիվ քննարկումների արդյունքում:
Նախարարի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ի թեկնածության առաջադրումը երկար է տևել, որովհետև որոշումը մեկ մարդու կողմից չի կայացվում:
«Դա ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է, եթե լինում են անհամաձայնություններ, հետ է քաշվում: Օրենքի սահմաններում կա ժամկետ, այդ ժամկետը չի խախտվել, բարդ փնտրտուքներն ապացուցում են, թե պրոցեսներն ինչքան առողջ են: Որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ կոնսենսուսով որոշումը նշանակում է բարդ ընթացակարգ: Հուրախություն ինձ՝ շատ լավ թեկնածու է որոշվել»,- ասել է Մինասյանը:
Հիշեցնենք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:
Նախարարը խոսել է նաև դատավորների լիազորությունները կասեցնելու և դատարանների ծանրաբեռնվածության խնդիրների մասին: