ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ
Վարժական հավաքներին մասնակցող այն քաղաքացիները, որոնք աշխատում են, կպահպանեն իրենց աշխատավարձը զինված ուժերում գտնվելու 25 օրերի ընթացքում: Աշխատանքային օրենսգրքում լրացումը գործադիրն է նախաձեռնել, ոլորտի ղեկավարի խոսքով՝ կապ չունի պահեստազորայինը պետական թե մասնավոր կազմակերպությունում է աշխատում, գործատուն պարտավորվելու է վճարել ՊՆ վճարածի ու աշխատողի աշխատավարձի տարբերությունը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80 հազար դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120 հազար դրամ:
Սա հնարավորություն կտա աշխատող պահեստազորայինի աշխատավարձը պահպանել ամբողջությամբ՝ լուծելով նաև նրանց սոցիալական խնդիրները՝ նշեց նախարարը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց՝ մինչև այս փոփոխությունն էլ եղել են գործատուներ, որ գիտակցելով խնդիրը, վճարել է աշխատողի ամբողջ աշխատավարձը: Վարչապետն էլ հիշեցրեց՝ որոշված է նույն ընկերությունից վարժական հավաքի կանչվողների թիվը որոշակի տոկոսից ավելի չի լինի, անհամաչափ ծանրաբեռնվածություն չառաջացնելով կազմակերպության համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Զորահավաքային պատրաստությունը շատ կարևոր է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար և կարծում եմ որ այդ հարցով Կառավարության հետ զուգահեռ նույնչափ պետք է հետաքրքրված ու շահագրգռված լինեն մեր կազմակերպությունները՝ և՛ պետական ոլորտի, և՛ մասնավոր ոլորտի:
Նախագիծը համարվեց անհետաձգելի, ուղարկվեց խորհրդարան:
ԳՈՐԾԱԴԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Օրակարգային մյուս հարցը կրթական էր, բայց կրկին՝ բանակին առնչվող: Գործադիրը տարկետում տրամադրելու կարգը սահմանեց: Խոսքը բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին է վերաբերում: 23-24 ուստարվա համար 5 բուհ է ընտրվել՝ ԵՊՆ-ն, Պոլիտեխնիկականը, Ամերիկյանը, Ֆրանսիականն ու Սլավոնականը: Նախարարը բացատրեց՝ ընտրությունն արել են՝ հաշվի առնելով միջազգային վարկանիշային աղյուսակները և համալսարանի հետազոտության որակը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Վերջին տարիներին այս ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար այս պահին այս որոշումը կարող է վերաբերել շուրջ 140 քաղաքացու, որոնք կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման:
Ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտություններն այս ցանկում ընդգրկված չեն՝ հստակեցրեց Անդրեասյանը: Ասաց՝ պարբերաբար վերանայելու են մասնագիտությունները: Եվ այն բուհերը, որ կցանկանան ներառվել ցանկում, սա լրացուցիչ խթան է՝ բարելավելու իրենց ցուցանիշները՝ միջազգային վարկանիշավորման համակարգին համահունչ: Երկրի տեխնոլոգիական զարգացումն ու որակյալ մասնագետների պատրաստումը Կառավարության ռազմավարական նպատակներից է՝ թեման շարունակեց Փաշինյանը, հանձնարարեց ուշադիր լինել ընդունելության քննություններին:
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ նման որոշումները էդ ոլորտում կոռուպցիոն երևույթների զարգացման շատ մեծ իմպուլս են տալիս, և էստեղ և՛ կրթության նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները պետք ա շատ մեծ ուշադրությամբ հետևեն գործընթացներին, որպեսզի նրանք, ովքեր օբյեկտիվորեն պիտի զբաղեցնեն այդ տեղերը, միայն նրանք զբաղեցնեն այս տեղերը որն այս տարվանից արդեն ուժի մեջ կմտնի:
ՊՈՒՇԿԻՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՏԱՐԱԾՔ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Տեխնոլոգիական կրթության թեման շարունակելով՝ վարչապետը հայտնեց՝ չզեկուցվող փաթեթով էլ Երևանի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում, Թումո կենտրոնին տարածք է հատկացվել: Կրթական բովանդակությունը, որն իրականացվելու է այդ տարածքում, նախարարի խոսքով էլ, ուղղված է նաև մասնագիտական ուսուցման ոլորտի զարգացմանը:
1 ՄԼՐԴ 448 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ
Զեկուցվող 3-րդ հարցով էլ գործադիրը 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց սուբենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը: 8 մարզի 12 համայնքում աշխատանքներն ավարտվել են՝ զեկուցեց նախարարը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար մաս) - Այս որոշումն ընդունելով՝ արդեն կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար Կառավարությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը, և այդ ամբողջ գումարը կկազմի 5 միլիարդ 200 միլիոն դրամից ավելի:
Սուբվենցիոն 14 ծրագրով մարզերում նորոգվել են շենքեր, հիմնանորոգվել փողոցներ, իրականացվել է սալիկապատում, կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, բարեկարգվել են բակեր, նորոգվել մշակույթի տներ: Ցանկը թվարկելով՝ վարչապետը կանգ առավ, նկատեց՝ անձամբ է տեսել, թե ինչպես նոր նորոգված մշակույթի տան դուռը դրսից է կողպված: Ասաց՝ պետք է բովանդակություն հատվածը հստակ լինի, համայնքի հետ նախնական պայմանավորվածությամբ:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է ա պարտավորություն դնենք, որ տարին իքս թվով ներկայացում պետք է հրավիրվի, ներկայացումներ պետք է այնտեղ տեղի ունենան, ընդ որում՝ պրոֆեսիոնալ թատերական խմբերը ու մշակույթը գնան-հասնեն մարզեր, էդ բնակավայրեր:
Մինչև հիմա սուբվենցիոն ծրագրերով նորոգված մշակույթի տներում էլ հանձնարարեց ուսումնասիրություն անել: Եթե կենտրոնը չի գործում, պատասխանատու գերատեսչությունների գործակցությամբ հարցը լուծել: Նախարարն էլ հայտնեց նոր փոփոխությունների մասին: Որ գործը չկանգնի՝ նախագծման ժամկետները կփոխվեն, ու 24 թվականի հայտերը հուլիսի 10-ի փոխարեն կընդունեն մինչև մայիսի 5-ը: Մրցույթն էլ կանցկացվի մեկ փուլով՝ ժամանակ խնայելու համար:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Գործադիրը հաստատեց նաև Փրկարար ծառայության ատետսավորման կարգը՝ վարչապետը հիշեցրեց՝ նպատակն այդ օղակում աշխատավարձերի առնվազն կրկնապատկումն է: