Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում են: Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Պետքարտուղարության 2024 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը պետքարտուղար Էնթոնի Բլինքենից հետաքրքրվել է՝ որքանով է արդարացված ԱՄՆ շարունակական աջակցությունն Ադրբեջանին՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը ագրեսիվ քաղաքականություն է վարում հայ ժողովրդի նկատմամբ:
Ռոբերտ Մենենդես (ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ) - Անցած տարի մենք տեսանք՝ ինչպես է Ադրբեջանը ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք, պարենային ճգնաժամ ստեղծել՝ շրջափակելով Լեռնային Ղարաբաղը։ Վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, որը հանգեցրել է 6500 հոգու մահվան և Ղարաբաղի հայերին ստիպել է լքել իրենց տները։ Մինչ այդ Միացյալ Նահանգների վարչակազմը յոթ հարյուր հազար դոլար է հայցել՝ Ադրբեջանի զինվորականների միջազգային ռազմական կրթության համար։ Ինչու՞ ԱՄՆ-ը պետք է վճարի ագրեսորի ռազմական կրթության համար, որը հարձակվում է իր հարևանների վրա և ոտնահարում իր քաղաքացիների իրավունքները։
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունների առաջարկն ունի գործնական պատճառներ:
Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար) - Դրանցից մեկն է՝ ուժեղացնել նրանց, մեր և ՆԱՏՕ-ի ուժերի միջև գործակցության անխափանությունը: Նրանք խաղաղապահ առաքելությամբ են զբաղվում, երկար սահման ունեն Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի։ Այս պահին, կարծում ենք՝ նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե նաև՝ կողմնորոշումը բարձրացնելն օգտակար է:
Էնթոնի Բլինքենը նաև հայտարարել է, որ անձամբ ներգրավված է՝ հասկանալու՝ ինչպես կարելի է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնել խաղաղության համաձայնագրի, որը, նրա խոսքով, կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները, ինչպես նաև կլուծի Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքների և պաշտպանության, սահմանի սահմանազատան և այլ հարցեր։
Էնթոնի Բլինքեն - Չեմ ուզում ուռճացնել, բայց, կարծում եմ, լավ հնարավորություն կա, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը: Մյունխենում հանդիպել եմ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, Վաշինգտոնում էլ՝ արտգործնախարարների հետ: Հուսով եմ կրկին նրանց տեսնել այստեղ: Աշխատել ենք համաձայնագրի տեքստի վրա: Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի մեծ ցանկությանը, որն ուզում էր տեսնել՝ արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնելու համաձայնության, որը գոնե ինչ-որ կերպ վերջ կդնի ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող հակամարտությանը: Ես նաև ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ, առանց չափազանցության, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին։
Արձագանքելով Հարավային Կովկասում զարգացումների մասով Բլինքենի նկատառումներին՝ Ռոբերտ Մենենդեսը հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը և Պետքարտուղար Բլինքենն անձամբ կանեն հնարավորը, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը համապատասխան հումանիտար աջակցություն ստանա:
Լսումների ժամանակ Մենենդեսն անդրադարձել է նաև տարածաշրջանում և աշխարհում Անկարայի վարած ոչ կառուցողական քաղաքականությանը: Նա քննադատել է Թուրքիային մարդու իրավունքները, այլ երկրի օդային տարածքը և տարածքային ջրերը խախտելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ընդլայնումը ձգձգելու համար: Այնուհետև դիմել է Էնթոնի Բլինքենին՝ «ինչպե՞ս կորակեք նման պետությանը»: «Կարծում եմ՝ բարդ դաշնակից»՝ պատասխանել է Պետքարտուղարը: Մենենդեսն էլ հավելել է՝ հետևաբար՝ Անկարան արժանի չէ, որ Վաշինգտոնը նրան F-16-եր վաճառի: Նրա խոսքով՝ դա խնդրահարույց ազդակ կլինի աշխարհին: