Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության Լիմասոլ քաղաքում տեղի ունեցած Վեհաժողվի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների և զեկուցողների նիստի աշխատանքներին:
Եռօրյա այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել Կիպրոսի Հանրապետության նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի և ԱԳ նախարար Կոնստանդինոս Կոմբոսի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը, ՀՀ քաղաքացիների համար Կիպրոսի Հանրապետություն` առանց մուտքի արտոնագրի առկայության այցելության հնարավորությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետություն սպասվող պաշտոնական այցին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի քարտուղարության նիստի ընթացքում Սիսակ Գաբրիելյանը Հայաստանի և պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպության նախագահին` Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի` կենսական նշանակության ճանապարհը փակելու հարցում կոշտ և հասցեական դիրքորոշում արտահայտելու համար:
Նշվել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելության ներկայության անհրաժեշտության մասին:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, հույն պատգամավոր Մաքսիմոս Խարակոպուլոսը տեղեկացրել է, որ իր կոշտ և քննադատական հայտարարությունների համար պարբերաբար զանգեր և նամակներ է ստանում Հունաստանում Ադրբեջանի դեսպանատնից: Նա նշել է, որ հավատարիմ է մնալու իր` մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրած արժեքներին:
Ի նշան բողոքի` Մաքսիմոս Խարակոպուլոսը դուրս է եկել Հունաստան-Ադրբեջան խորհրդարանական բարեկամական խմբից:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք վեհաժողովին առնչվող հարցեր ու առաջարկություններ: