Կառավարությունը սահմանել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը:
Ըստ հիմնավորման՝ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, գործող ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ այն հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես՝ ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու:
Ըստ նախարարի՝ այս կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: «Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նշվել է նաև, որ վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Ըստ այդմ՝ սահմանվում է ՀՀ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, ինչպես նաև հիմք ընդունելով բարձրագույն ոսումնական հաստատությունների միջազգային վարկանիշավորման չափանիշները՝ համապատասխան բուհերի ու մասնագիտությունների ցանկը:
Բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը, միջազգային չափանիշներից համալսարանի հետազոտության որակը:
Այս պահին միջազգային վարկանիշավորման համակարգերում ընդգրկված են ԵՊՀ, ՀԱՊՀ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանները, Հայաստանում ամերիկյան համալսարանը և այլ համալսարաններ, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով (առանց ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունների):
Որոշմամբ սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով համար նախատեսվել են ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 200 ընդունելության տեղեր:
Արդյունքում՝ կգործի կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգը նոր և որակյալ կադրերով ապահովելուն՝ հիմք ընդունելով միջազգային վարկանիշավորման չափանիշները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման առումով: «Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք շատ կոնկրետ քայլեր ենք արել: Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է, կրկնապատկվել է: Ընդ որում՝ մենք նաև հիմա գիտական գործունեության և գիտության մեջ երիտասադրների ներգրավմանն ուղղված ծրագրեր ենք իրականացնում: Գիտության կոմիտեի հաշվետվությունը լսելիս, ես հասկացա, որ այդ ծրագրերը բավական հաջող ընթացք են ստացել, և մեզ պետք է ապահովել նոր սերնդի ուղղորդումը դեպի գիտություն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է նաև ընդունելության քննությունների օբյեկտիվության ապահովումը. «Գիտեք, որ նման որոշումները ոլորտում կոռուպցիոն երևույթների զարգացման շատ մեծ իմպուլս են տալիս: Այդ առումով և՛ ԿԳՄՍ նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները պետք է ուշադրությամբ հետևեն գործընթացներին»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշմանը, որով նախատեսվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին: Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով գույքի բարեկարգման աշխատանքներ։ Սիմոնյան կրթական հիմնադրամը այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին: 2017-ից «Թումո ստուդիաներ» ծրագրի գործունեության արդյունքում հազարավոր շահառուներ ստացել են բարձրակարգ անվճար ուսումնական ծառայություններ արհեստի և արվեստի ոլորտներում:
Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը և նշել, որ պետք է ավելի հետևողական լինել այդ հարցում և մտածել այնպիսի ծրագրեր գործարկելու մասին, որոնք ավելի լայն դաշտ կստեղծեն երկրի համար ռազմավարական նշանակության նախագիծը կյանքի կոչելու, մասնավոր և պետական հատվածի կրթական ներուժն ամբողջությամբ Ակադեմիական քաղաքում կենտրոնացնելու համար: