ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չելպակի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կառավարման խորհրդի անդամ Զդիսվավ Սոկալը, «Վոլտեր» ֆինանսական խորհրդատվական ընկերության հիմնադիր Մայքլ Վոլտերը, ինչպես նաև Վարշավայի ֆոնդային բորսայի ներկայացուցիչներ:
Ինչպես հայտնում են կառավարությունից, փոխվարչապետ Խաչատրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ արդյունավետ համագործակցությունն ու երկարամյա գործընկերությունը՝ հանձնառու լինելով ամրապնդելու և խորացնելու հետագա հարաբերությունները՝ փոխշահավետ և կառուցողական փոխգործակցության միջոցով:
Լեհ գործընկերներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի Հանրապետությանը և կատարելագործել արդեն իսկ հաստատված երկխոսության որակը՝ ստեղծելով նախապայմաններ երկարաժամկետ արդյունավետ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, պետական պարտքի սպասարկմանը, պետական և գանձապետական պարտատոմսերի թողարկմանը և այլն: