Կառավարությունը պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը 12 համայնքում իրականացված 14 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու մասին է: Այդ ծրագրերը հիմնականում ավարտվել են:
Մարզային բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզում 2 ծրագիր՝ 80 մլն դրամ, Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր՝ 8,7 մլն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 2 ծրագիր՝ 50 մլն դրամ, Լոռու մարզ՝ 2 ծրագիր՝ 57 մլն դրամ, և Լոռու մարզին հատկացվում է ևս 122 մլն դրամ: 7 ծրագրի հետ կապված՝ խնդիրները լուծելու նպատակով, Կոտայքի մարզ՝ 1 ծրագիր՝ 5,6 մլն դրամ, Շիրակի մարզ՝ 2 ծրագիր՝ 913 մլն դրամ, Վայոց ձոր՝ 1 ծրագիր՝ 854 հազար դրամ ծրագիրը փակելու համար, Տավուշի մարզ՝ 3 ծրագիր՝ 179 մլն դրամ:
«Այս որոշումն ընդունելով կստացվի, որ շուրջ 80 ծրագրի համար Կառավարությունն այս տարի ֆինանսավորել է իր մասնաբաժինը և այդ ամբողջ գումարը կկզամի 5 մլրդ 200 մլն դրամից ավելի գումար»,- ասաց Գնել Սանոսյանը:
Մասնավորապես՝ Արարատի մարզում վերանորոգվել են Արտաշատ համայնքի հասարակական շենքերը՝ մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն, Արարատ համայնքի Արարատ բնակավայրում կառուցվել է ՈԿՖ բանավանի դրենաժային համակարգ: Արմավիրի մարզում կառուցվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգը, վերանորոգվել է սանհանգույցը: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է Արծրունի եղբայրների արձանը, վերանորոգվել է Մարտունի բնակավայրի համայնքապետարանի շենքը: Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում իրականացվել են փողոցների վերակառուցման աշխատանքներ, Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրում՝ ներբնակավայրային ճանապարհների տուֆով սալարկում: Կոտայքի մարզի Սարալանջ և Զորավան բնակավայրերում կառուցվել է փողոցների արտաքին լուսավորության ցանց: Շիրակի մարզում հիմնավորոգվել են Գյումրի համայնքի 21 փողոցները, Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Արևշատ, Հովտաշեն, Տուֆաշեն և Գետափ բնակավայրերում ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը: Վայոց ձորի մարզում իրականացվել են Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման, Եղեգնաձոր բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի բակի բարեկարգման, Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման և գազիֆիկացման աշխատանքներ: Տավուշի մարզում հիմնանորոգվել են Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ճանապարհները և բակերը, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, արդիականացվել է Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը, Աչաջուր բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ:
Գնել Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ գործող կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում՝ 2023 թվականին նախատեսված մի շարք սուբվենցիոն ծրագրեր արդեն իսկ հաստատվել են, և առաջին անգամ է, որ համայնքները փետրվար-մարտ ամիսներին սուբվենցիոն ծրագրերի մրցույթներ են կազմակերպել: Այսինքն՝ ըստ նախարարի, գարնան և ամռան ամիսներին այդ ծրագրերի շինաշխատանքները կմեկնարկեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է մշակույթի տների վերանորոգման հարցին և նշել, որ դրանց վերաբերյալ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու ընթացքում պետք է պարտադիր նաև ծրագրային բովանդակային հատվածը ճշտել, քանի որ լինում են դեպքեր, երբ նորոգումից հետո մշակույթի տունը փակվում է:
Այդ առումով՝ վարչապետը կարևորել է նորոգվող մշակույթի տների հետագա գործունեության ապահովման անհրաժեշտությունը և նշել, որ այդ հարցում նախաձեռնող պետք է լինեն նաև համայնքները: