44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով երաշխավորվել են գործածության:
Արտաշես Թորոսյան («Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Գիրքը կմտնի դպրոց, կմտնի գրադարան, և ուսուցիչները իրենց առարկայի դասավանդման ընթացքում, սովորողների մոտ որոշակի հմտություններ զարգացնելու նպատակով, կկարողանան հեքիաթների գիրքը որպես օժանդակ նյութ օգտագործել:
«Բոլորիս Ալենի հեքիաթները» ժողովածուն, ըստ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի, ուսուցիչները կարող են գործածել երեխաների դաստիարակության, արժեքային համակարգի ձևավորման համար:
Արտաշես Թորոսյան - Մյուս կողմից էլ՝ հենց հեղինակի հանգամանքը նույնպես, որպես ազգային հերոսի, կունենա իր արժեքային համակագի ձևավորման վրա ազդեցությունը:
Նազելի Տերտերյան (Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը) - Ալենը ի ծնե մանկավարժ էր, տեսակով կրթող էր և 19 տարեկանից դասախոսում էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Ստեղծագործում էր դեռ մանկուց, հեքիաթները գրել է վեց տարեկանից սկսած, երբ դեռ նույնիսկ տառաճանաչ չէր, և իր խնդրանքով գրի էինք առնում ես կամ մայրս:
Հեքիաթների ժողովածուն այժմ տպագրման փուլում է: Ալենի մայրն ընդգծում է՝ հրաշալի ու գունագեղ նվեր է լինելու մանուկներին:
Նազելի Տերտերյան - Ինչպես ԿԶՆԱԿ հիմնադրամը տվեց իր կարծիքը, որ այս հեքիաթները իրենց մեջ պարունակում են լույս, ջերմություն, բարություն, անսահման սեր, ուզում ենք, որ այն Ալենի կողմից նվեր լինի հայ մանուկներին: Եվ օգտվելով առիթից` ուզում եմ անսահման երախտիքս հայտնել Ալենիս ուսանող ընկերներին, Ասյային Ղանդիլյան, որը հանձն առավ նկարազարդման աշխատանքները կատարել: Եվ վստահեցնում եմ, որ աշխարհի մասշտաբով մրցունակ հեքիաթների գիրք է լինելու:
Ալենի ստեղծագործական ուղին սկսվեց «Տերևը» հեքիաթով, որը նույնպես ներառված է նախարարի հրամանով երաշխավորված ժողովածուի մեջ: Աշնանային մի երեկո, երբ մոր հետ պատուհանից դուրս էին նայում, տղան խնդրում է տուն բերել ցրտից դողացող տերևը: Հետո այդ մասին հեքիաթ է հորինում:
Նազելի Տերտերյան - Հետո արդեն, երբ ինքը գրաճանաչ էր, բնականաբար, գրի առավ նաև իր ձեռքով: Ասեմ ավելին՝ մենք շատ սիրում էինք ապլիկացիոն աշխատաքներ միասին կատարել և այդ աշխատանքներից մեկի ժամանակ հենց տերևի տեսքով կտրատեցինք, ինքը իր մանկական ձեռագրով գրի առավ այդ հեքիաթը, որ մինչ այսօր պահպանված է. «Հանկարծ ինձ թվաց, թե տերևը ձայն է տալիս. «Փոքրիկ տղա, ես շատ եմ մրսում, տար ինձ տուն, խնդրում եմ»: Հենց այդ պահին հորդ անձրև տեղաց: Ես խղճացի դողացող տերևին և ներս բերեցի նրան: Տերեևն ուրախացավ ու ժպտաց ինձ, իսկ ես նրան պահեցի գրքի էջերի արանքում, որպեսզի չմրսի»: Քանի որ էստեղ ձևավորումները շատ հետաքրքիր են և ստանդարտից դուրս, մի փոքր դժվարացրեց ինձ համար սահուն կարդալը, բայց հուսամ՝ ներողամիտ կլինեք: Հետո այն կվայելեք, երբ արդեն գիրքը ամբողջական տեսքով լինի:
Հեղինակ` Աննա Զախարյան