Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը իրենց եզրակացություններն են ներկայացրել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հետ փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ: Նրանց այցի նպատակն էր գնահատել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին և Լաչինի միջանցքում։
Հայաստանում գտնվելու ընթացքում համազեկուցողներն այցելել են Ջերմուկ, Գորիս և Վարդենիս քաղաքներ և դրանց շրջակայքը, հանդիպել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Գորիսում արգելափակված տեղի պաշտոնյաների և Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ։
Տեղեկատվական հաղորդագրության մեջ համազեկուցողները նշել են, որ Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման շուրջ Հայաստանի մտահոգությունների ֆոնին որոշում է կայացվել ընդունել հայկական կողմի հրավերը և փաստահավաք այց կատարել Հայաստան՝ տեղում գնահատելու իրավիճակը:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՎԵԼ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԻՐՔԵՐ. ԶԵԿՈՒՅՑ
Զեկույցում տեղ են գտել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման դեպքերը, նշվում է, որ այդ գործողությունները պետք է որակել ոչ թե սահմանային միջադեպեր, այլ մարտեր Հայաստանի տարածքում.
«Այս լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում սկսեց սահմանի ամբողջ երկայնքով՝ կիրառելով հրետանի, ծանր սպառազինություն և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով 204 հայ զինծառայող սպանվեց կամ անհետ կորավ, ինչպես նաև զոհվեց 80 ադրբեջանցի։ Բախումների հետևանքով ադրբեջանական բանակը Հայաստանի տարածքում գրավել է մի շարք կարևոր ռազմավարական դիրքեր և բարձունքներ»:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորությունների կատարման հանձնաժողովից հույս են հայտնել, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, կօգնի նվազեցնել լարվածությունը և կապահովի չեզոք և անաչառ տեղեկատվություն սահմանի հետագա սահմանազատման գործընթացի համար.
«Մենք երկու կողմերին առաջարկում ենք դիտարկել զորքերն աստիճանաբար հայելային տարբերակով դուրսբերման հնարավորությունը՝ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու համար, քանի դեռ չի համաձայնեցվել հստակ սահմանազատման գործընթացը»։
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում անդրադարձ կա նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: Հանձնաժողովի անդամները մեջբերում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հիշեցնում` դրա 6-րդ կետում հստակ արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը:
Նախքան մեր երկիր կատարած այցը համազեկուցողները լսել են նաև ադրբեջանական կողմի պնդումները, թե միջանցքն իրականում բաց է: Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում համազեկուցողները զրուցել են Հայաստանում արգելափակված Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, հայ և օտարազգի պաշտոնյաների հետ և, անձամբ այցելելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, արձանագրել են՝ միջանցքով տեղաշարժը «խիստ խոչընդոտված է», ինչն անհնար է դարձնում առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը:
Համազեկուցողներն ահազանգում են՝ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի:
Վկայակոչելով եռակողմ հայտարարությունը՝ համազեկուցողներն Ադրբեջանին կոչ են արել իրավիճակի անկախ գնահատման հնարավորություն տալ իրենց.
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ անկախ ճանաչողական այց կատարել տարածաշրջան, իսկ անկախ լրագրողներին հնարավորություն տալ ազատորեն աշխատել տարածքում»:
ԵԽԽՎ համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ գտնելու վեճերի կայուն և արդարացի լուծումներ:
Միևնույն ժամանակ՝ իրավիճակի մասին ավելի հստակ և համապարփակ պատկերացում կազմելու համար նրանք անհրաժեշտ են համարում ևս մեկ փաստահավաք առաքելություն իրականացնել Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:
Նրանք հույս են հայտնել, որ նման այցի կազմակերպումը մոտ ապագայում հնարավոր կլինի։