Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 20-22-ը Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին։
Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։
Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակը Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։
Այս համատեքստում Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախի՝ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից շարունակվող ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներին։ Պաշտպանն ընդգծել է, որ ի հեճուկս շրջափակման անհապաղ վերացման վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի՝ Ադրբեջանը շարունակում է իր հանցավոր վարքագիծը՝ անտեսելով անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Ուստի, ադրբեջանական ամենաթողությանն ու անպատժելիությանը վերջ դնելու համար միջազգային դերակատարների կոչերն ու հայտարարությունները պետք է փոխարինվեն գործնական ու պատժիչ գործողություններով՝ ստիպելով Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքն ու դրա պահպանման համար ստեղծված կառույցների հեղինակությունը։
«Շրջափակման և Ադրբեջանի կողմից կրկնվող հանցագործությունների հետևանքով Արցախում ամբողջությամբ խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ինչը հանգեցնում է 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխայի տարրական իրավունքների կոպտագույն խախտումների։ Այն իրավիճակը, որում ապրում է Արցախի ժողովուրդը՝ ամեն օր առերեսվելով գոյաբանական խնդիրների և սպառնալիքների, հստակ փաստում է, որ սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքի երաշխավորման համար անառարկելի անհրաժեշտություն է նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը աշխատանքային այցով Հարավային Ամերիկայում է գտնվում ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով։